գլխավոր Տնտեսություն Հայաստանի համար քիչ չէ. սփյուռքի մասնագետները դրամային խթան կստանան ՀՀ-ում աշխատելու համար

Հայաստանի համար քիչ չէ. սփյուռքի մասնագետները դրամային խթան կստանան ՀՀ-ում աշխատելու համար

Հայաստանի կառավարությունը սուբսիդիաներ կվճարի բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ զբաղվող գործատուներին։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը «Արմենպրես» պետական տեղեկատվական գործակալությունում կայացած ասուլիսի ժամանակ: Փոխհատուցման չափը կկազմի աշխատավարձի մինչև 50%-ը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը։

Նա պարզաբանել է, որ բարձրակարգ մասնագետ ասելով տվյալ դեպքում ենթադրվում է նա, ով 10 և ավելի տարի աշխատել է արտասահմանյան առաջատար ընկերություններում (ընկերությունների ցանկը կհաստատվի կառավարության կողմից), կամ կրթություն է ստացել աշխարհի առաջատար բուհերում (Shanghai ranking-ի վարկածով` թոփ-400):

Շրջանավարտների համար նախատեսված է լրացուցիչ պայման. նրանք պետք էվերջին 30 ամսից 12-ը ծախսած լինեն արտասահմանյան բուհում սովորելու վրա։ Ենթադրվում է, որ այդ դեպքում մասնագետը կարող է Հայաստանին օգտակար լինել ամենաժամանակակից գիտելիքներով ու տեխնոլոգիաներով։ Դոկտորական աստիճան ունեցող (միջազգայնորեն ընդունված Ph.D աստիճան) մասնագետի համար, որը բացի աշխատանքից դասավանդելու է բուհում, համալսարանը կստանա նրա աշխատավարձի 70%-ը։«Հնարավոր է` այստեղ աշխատավարձը մի փոքր ավելի ցածր լինի, քան արտասահմանում, բայց Հայաստանում ծախսերը շատ ավելի քիչ են։ Չմոռանանք կյանքի արժեքի տարբերության մասին», – ավելացրեց փոխնախարարը:

Նա նշեց, որ ծրագիրը չի տարածվում հեռավար աշխատանքի վրա։

Մի շարք ձեռնարկություններում (տեքստիլ ու սննդի ոլորտներում) արդեն եվրոպացի մասնագետներ են աշխատում: Վերջին 30 տարիների ընթացքում արդյունաբերական տեխնոլոգիաները շատ առաջ են գնացել, և մի շարք ոլորտներում հայաստանյան մասնագետները ոչ թե բավարար որակավորված չեն, այլ պարզապես չկան։

Եվս մեկ ծրագիր է ընդունվել` ուղղված է նոր սարքավորումների գնմանը աջակցելուն։ Լիզինգով մեքենաներ և այլ տեխնիկա ձեռք բերելու դեպքում կառավարությունը սուբսիդավորում է լիզինգի 10%-ը ՀՀ դրամով և 8%-ը` արտարժույթով, իսկ ապառիկ գնման դեպքում` համապատասխանաբար 8% և 6%–ով: Մինչ 200 մլն դրամ արժողությամբ սարքավորումներ (մոտ 475 հազար դոլար) գնելու դեպքում սուբսիդիան գործում է 3,5 տարվա ընթացքում (42 ամիս), ավելի քան 200 միլիոնի դեպքում` երեք տարվա ընթացքում (36 ամիս): Գնվող սարքավորումների վերին սահմանը 10 մլրդ դրամ է (մոտ 20 մլն դոլար)։

Այս բաղադրիչով մասնավոր հատվածն արդեն 11 մլրդ դրամ արժողությամբ 200 միավոր սարքավորում (մոտ 26 մլն դոլար) է գնել։ Առայժմ ծրագրից ակտիվորեն օգտվում է փոքր ու միջին բիզնեսը։Քննարկվում են նաև տեղական սարքավորումներ (սառնարանային կայաններ, արտադրական գծեր և այլ արդյունաբերական սարքավորումներ, թեև փոքր ծավալներով ու սահմանափակ անվանացանկով, բայց թողարկվում են) գնելու դեպքում լրացուցիչ արտոնությունների հնարավորությունները:

Գևորգյանը հիշեցրեց, որ հունվարին ընդունված որոշման համաձայն` ծրագիրը նախատեսված էր մշակող արդյունաբերության համար, սակայն այնուհետև այն ներառել է նաև մի շարք այլ ոլորտներ` հումքային արդյունաբերություն (լեռնահանքային ոլորտ), շինարարություն, տրանսպորտային-լոգիստիկ ոլորտ, ՏՏ և հեռահաղորդակցություն, առողջապահություն և կրթություն: Հատկանշական է, որ ոլորտների ցանկում ընդգրկված են նաև հետազոտական աշխատանքները։

«Ամբողջ աշխարհում խոշոր արդյունաբերական ընկերություններն ունեն մշակողների բաժիններ, որոնք նպատակային հետազոտություններ են իրականացնում։ Նման օրինակներ կան նաև Հայաստանում։ Դրանք դեռ շատ չեն, ու շատ կարևոր է արմատավորել այդ մշակույթը բիզնեսում», – ասաց Գևորգյանը։

Այս բոլոր ծրագրերի նպատակն է բարձրացնել արդյունաբերության արտադրողականությունը Հայաստանում։ Այժմ այն մեկ աշխատողի հաշվարկով կազմում է ժամում 6-7 դոլար, ինչը գրեթե կրկնակի ցածր է, քան ԵԱՏՄ մյուս երկրներում ու 7-8 անգամ ցածր է, քան Եվրոպայի երկրների մեծ մասում: Արտադրողականության աճն անխուսափելիորեն կհանգեցնի աշխատավարձերի աճին։

Կառավարությունն ակնկալում է, որ ծրագիրն արդեն մեկուկես-երկու տարի հետո շոշափելի արդյունքներ կտա։