գլխավոր Իրադարձային Արցախում ու ՀՀ-ում կյանքեր փրկելու գործին միացել են սփյուռքահայ ու արտասահմանցի բժիշկներ

Արցախում ու ՀՀ-ում կյանքեր փրկելու գործին միացել են սփյուռքահայ ու արտասահմանցի բժիշկներ

Կյանքեր փրկելու գործին Հայաստանում ու Արցախում միացել են ոչ միայն տեղացի ու սփյուռքահայ, այլև արտասահմանցի բժիշկներ։

Կառավարության լրատվական ծառայության տարածած տեսանյութում անգլիացի պրոֆեսոր Սթիվեն Ջեֆրին պատմում է, որ ռազմական բժշկության 20 տարվա փորձ ունի։

«Այս պատերազմում վնասվածքների մեծ մասը ոչ թե հրազենային են, այլ հրթիռակոծության, օդային հարվածների հետևանքով, որոնք բուժելը երկար ժամանակ ու մեծ ռեսուրսներ է պահանջում»,– ասում է անգլիացի պրոֆեսորը։

Արտասահմանցի բժիշկներն իրենց հետ նաև մեծ թվով բուժպարագաներ են բերել, նաև` մաշկի տրանսպլանտներ։

Իսլանդացի բժիշկ Հիլմար Կյարտանսոնը պատմում է, որ հայ մասնագետներին ևս սովորեցրել են այդ նյութերով աշխատելու հմտությունները։

«Կարևոր է, որ ձկան մաշկից տրանսպլանտները ճիշտ կիրառվեն։ Դրանք նորություն են աշխարհում։ Մենք ոչ թե պարզապես վիրահատություններ ենք արել, այլ հայ բժիշկներին վերապատրաստել ենք, որպեսզի նրանք հետագայում կարողանան ճիշտ աշխատել այդ նյութերով»,– ասում է իսլանդացի մասնագետը։

Արտասահմանցի մասնագետները Հայաստանում ընդամենը մի քանի օր են անցկացրել` իրենց հանգստյան օրերի հաշվին, բայց հասցրել են 5 վիրահատություն անել։ Իսկ հեռանալիս խոստացել են հնարավորության դեպքում նորից այցելել Հայաստան։