գլխավոր Իրադարձային ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Շամիլ Բասաևի ավազակախմբի երկու անդամի

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Շամիլ Բասաևի ավազակախմբի երկու անդամի

Անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են 1999թ․-ին Դաղստանի վրա կատարված հարձակման երկու մասնակցի։ Այն ժամանակ գրոհայիններն ավելի քան 280 մարդ էին սպանել։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԴԾ հանրային կապերի կենտրոնին, ծառայության աշխատակիցները ՆԳՆ-ի, ՔԿ-ի հետ համագործակցությամբ և Ռոսգվարդիայի ուժային աջակցությամբ ձերբակալվել և նախաքննության մարմին են տեղափոխվել Ստավրոպոլի երկրամասի բնակիչներ՝ 1975 թվականին ծնված Մայլուբաև Ռասուլը և 1977 թվականին ծնված Յակուբով Զագիրը:

Տեղեկատվության համաձայն՝ նրանք 1999 թ․-ի օգոստոսին Բասաևի և Խատաբի ավազակային կազմավորումների կազմում Դաղստանի Բոտլիխի շրջանի բնակավայրերի վրա զինված հարձակման մասնակիցներ են, որոնք դրա համար քրեական պատիժ չեն կրել:

Նշվում է, որ Բոթլիխի շրջանի վրա ավազակների հարձակման հետևանքով զոհվել են ավելի քան 280 և վիրավորվել 800-ից ավելի զինծառայողներ, իրավապահներ և քաղաքացիական անձինք, զգալի վնաս է հասցվել Դաղստանի տնտեսությանը:

Ձերբակալվածների գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ «Իրավապահ մարմնի աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգություն» հոդվածով:

Նախորդ տարիների ահաբեկչական բնույթի հանցագործությունների՝ քրեական պատասխանատվությունից խուսափած մասնակիցների հետախուզման միջոցառումները շարունակվում են:

Մոտակա ժամանակում հետաքննությունը դատարանին կխնդրի ձերբակալել Մայլուբաևին և Յակուբովին։

Հիշեցնենք, որ 1999-2019թթ. դատվել և 3-15 տարվա ազատազրկման են դատապարտվել Դաղստանի Բոտլիխի և Ցումադինի շրջանների վրա հարձակման ավելի քան 80 մասնակիցներ: 7 գրոհայինների, այդ թվում Բասաևի քրեական հետապնդումը դադարեցվել է նրանց մահվան պատճառով, շուրջ 30 մարդու նկատմամբ դաշնային և միջազգային հետախուզում է հայտարարվել: