գլխավոր Տնտեսություն Գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման դեպքում պետությունը կաջակցի՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը

Գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման դեպքում պետությունը կաջակցի՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը

30-200 հա հողային միավորները միավորելու դեպքում Կառավարությունն այդ հողերի մշակման համար պահանջվող ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցի։ Համապատասխան որոշումը հաստատվեց Գործադիրի այսօրվա նիստում։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ ներկա դրությամբ Հանրապետության վարելահողերի շուրջ կեսը չի մշակվում։ Ըստ նրա՝ պատճառներից մեկը կտրտվածությունն է։

«Այն մարդիկ, ընկերությունները, որոնք կկոնսոլիդացնեն հողերը, պետությունը կաջակցի իրենց։ Մեկ հա-ի վրա կատարված ծախսը մոտավորապես 2 մլն 760 հազար դրամ է կազմում․ կոնսոլիդացման դեպքում դրա 50 տոկոսը պետությունը կփոխհատուցի։ Հիմա, ընդհանուր առմամբ, 4500 հա խոշորացված հողակտոր կա։ Ներկա տեմպը հաշվի առնելով՝ 2026 թվականին մշակվող վարելահողերի մակերեսը պետք է 50 տոկոսից հասցվի 75 տոկոսի»,-ասաց Քերոբյանը։

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, գյուղացիական տնտեսությունների 45 տոկոսը կազմված են երեք և ավելի հողամասերից, իսկ 20 տոկոսը՝ հինգ և ավելի հողամասերից: Նույն այդ հիմնավորման համաձայն՝ ծրագիրն ուղղված է գյուղատնտեսական նշանակության հողերի մասնատվածության մակարդակի կրճատմանը, արտադրողականության և բերրիության բարձրացմանը։

Նշվում է նաև, որ 2023 թվականին ծրագրի իրականացման գնահատված արժեքը կկազմի մինչև 1․38 մլրդ դրամ, 2024 թվականին՝ մինչև 2.07 մլրդ դրամ, 2025 թվականին՝ մինչև 2.76 մլրդ դրամ: