գլխավոր Իրավունք «Սա այս երկրի քաղաքական իշխանության ուղիղ պատվերն է»․ Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց

«Սա այս երկրի քաղաքական իշխանության ուղիղ պատվերն է»․ Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց

Հանրային գործիչ, «ԱՐԱՐ» Հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց։ Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց երեք ամսյա կալանք սահմանել Չալաբյանի համար։ Հանրային մեղադրողը միջնորդել էր կիրառել գրավ, պաշտպանական կողմը չէր առարկել, սակայն դատավորը խափանման միջոց ընտրեց կալանավորումը։

Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դատարանի որոշմանն, ասաց․« Դատարանը խելահեղ որոշում կայացրեց։ Սա այս երկրի քաղաքական իշխանությունների ուղիղ պատվերն է, այս երկրում չկա այդպիսի դատավոր, որ ինքնուրույն կարողանա այդպիսի խելահեղ որոշում ընդունի, այս դատավորն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի ու նրա վարչակազմի ուղիղ պատվերն է»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 դրամ գումար: Գործով մեղադրանք է առաջադրվել Ավետիք Չալաբյանին և Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանին:

Ավետիք Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ: