գլխավոր Իրադարձային ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա

ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: 

«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաև թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան»,- ասված է հաղորդագրության մեջ: