գլխավոր Գլխավոր Առանց Արցախի չկա Հայաստան․ Նիկոլ Փաշինյան

Առանց Արցախի չկա Հայաստան․ Նիկոլ Փաշինյան

Ստեղծված իրավիճակում հայկական կողմի անելիքը մինչև վերջ պայքարելն է։ Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Արցախում ընթացող մարտական գործողություններին։

«Մեր անելիքը մեր ժողովրդի իրավունքների համար պայքարելն է մինչև վերջ, անսասան և անմնացորդ։ Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար։ Այսօր, հաշվի առնելով Ադրբեջանի դիրքորոշումը, պայքարել նշանակում է զենք վերցնել ու նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանությանը»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` այս պրոցեսն արդյունավետ կազմակերպելու պարագայում է, որ, ի վերջո, կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման։ Հարցն այն է, որ, ըստ էության, Ադրբեջանն ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայի, համաձայն չէ։

Փաշինյանը կոչ արեց բոլոր քաղաքապետներին, գյուղապետներին, տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ղեկավարներին, որ ստանձնեն լիդերություն, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը։

«Այդ ջոկատները պետք է դրվեն գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ, և այդ ջոկատների ձևավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը։ Դա նշանակում է, որ նրանք պետք է կանգնեն ամուր և իրականացնեն այն խնդիրը, որը նրանց առջև կդրվի հրամանատարության կողմից» ,–ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ դեռևս 1990-ականների սկզբին ձևակերպել ենք` առանց Արցախի չկա Հայաստան, այսինքն` պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը, նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը` այստեղ տարանջատում չկա։

Սա, ըստ նրա, նշանակում է զենք վերցնել և կռվել այնքան, մինչև դիվանագիտական եղանակով հնարավոր կլինի խնդիրը լուծել։