գլխավոր Մշակույթ «Անչափ ուրախ ենք, որ Ձեր հոբելյանը նշում եք Հայաստանում». Վահրամ Դումանյանի ուղերձը՝...

«Անչափ ուրախ ենք, որ Ձեր հոբելյանը նշում եք Հայաստանում». Վահրամ Դումանյանի ուղերձը՝ Օլեգ Վինոգրադովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն oգոստոսի 1-ին հանդիսատեսի դատին է հանձնել Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» երեք գործողությամբ բալետային ներկայացումը:

Առաջնախաղին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ներկայացման ավարտից հետո նախարարի տեղակալը շնորհավորել է բոլորին սպասված առաջնախաղի կապակցությամբ և նշել. «Թվում է՝ չկա ավելի գեղեցիկ արվեստ, քան բալետն է, իսկ հյուրընկալ հարկի ներքո այն ներդաշնակորեն համադրում է բոլոր արվեստները` ճարտարապետությունը, կերպարվեստը, երաժշտությունը, դրամատուրգիան, մարմնի արվեստը: Եվ այս առումով առաջին հերթին շնորհավորում եմ մեզ, սիրելի՛ հանդիսատես, որովհետև մեր հանրային կյանքում արձանագրվել է գեղեցիկի ևս մեկ իրողություն»,- ընդգծել է նախարարի տեղակալը՝ շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով թատրոնի նվագախմբին` մաեստրո Դուրգարյանի  գլխավորությամբ,  բալետի արտիստներին և մեծանուն վարպետ Օլեգ Վինոգրադովին:

Այնուհետև նախարարի տեղակալն ընթերցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի  շնորհավորական ուղերձը՝ ուղղված Հայաստանում  ծննդյան 85-ամյա հոբելյանը նշող ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բեմադրող-խորեոգրաֆ Օլեգ Վինոգրադովին. «Հարգելի՛ Օլեգ Միխայիլի, թո՛ւյլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ հոբելյանի առթիվ: Ստեղծագործական ուղին, որով անցել եք Դուք, հատուկ է միայն բացառիկ արվեստագետին և իր գործի բացառիկ նվիրյալին: Բազմաթիվ անզուգական բալետային ներկայացումներ, բարձր ճաշակ և գեղագիտական չափանիշներ, ստեղծագործական անկաշկանդ ընթացք` սեփական փորձն աշխարհի տարբեր ծագերում փոխանցելու և աշխարհի փորձը յուրացնելու մեծ ազատություն: Ահա այսպիսին է Ձեր կերպարը համաշխարհային բալետի պատմության մեջ: Անչափ ուրախ ենք, որ Ձեր հոբելյանը նշում եք Հայաստանում` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի պրեմիերայով: Վստահ ենք, որ համագործակցությունը լինելու է շարունակական` ի նպաստ բալետային արվեստի առաջընթացի»:

Վահրամ Դումանյանը  նաև ամուր առողջություն, երիտասարդ ստեղծագործական կյանք է մաղթել մեծանուն վարպետին:

Օլեգ Վինոգրադովը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և ջերմ ընդունելության համար: