գլխավոր Տնտեսություն Կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումը ցավոտ հարված է հասցնելու մեր...

Կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումը ցավոտ հարված է հասցնելու մեր տնտեսությանը. մեր պատկերացմամբ՝ դա 1 դոլարի համար 450 դրամն է. Վահան Քերոբյան

Լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի օգոստոս ամսին, առաջիկա օրերին կհրապարակվի չվացուցակը, իսկ Լարսի անցակետում հուլիսին նախորդ ամսվա համեմատ հայկական բեռների թողունակությունը ավելացել է մոտ 10 տոկոսով: Ւնչ վերաբերում է դրամի արժևորման արդյունքում տուժած որոշակի ոլորտներին, ապա սպասվում է աջակցություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Խոսելով նախ տարվա առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշներից, 6 ամսում գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշի 11.8 տոկոս աճից՝ նախարարն ասաց. «11.8 տոկոսը լավագույնն է վերջին 15 տարիների ընթացքում: Սակայն, բնականաբար, չի կարելի ասել, թե ամեն ինչ առջևում շատ պայծառ է, քանի որ թե ամբողջ աշխարհը, թե հատկապես մեր տարածաշրջանը լեցուն է մարտահրավերներով: Եվ այդ առումով մենք պետք է ոչ թե թուլացնենք, այլ հակառակը՝ ուժեղացնենք մեր աշխատանքը, որ արձանագրված արդյունքներն ամրապնդենք նաև հաջորդ եռամսյակների և տարիների համար»:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում տարվա առաջին կիսամյակի արդյունքում 5.5 տոկոս նվազմանը՝ նախարարը խոսեց տվյալների հավաքագրման, թվային տվյալների բացակայության խնդրի մասին: «Այն, կարծում եմ, չի համապատասխանում իրականությանը, մենք տեսնում ենք, որ գյուղարտադրանքի արտահանումը, թողարկումն իսկապես ավելացել է, դա չէր կարող լինել, եթե գյուղատնտեսությունը նվազած լիներ»,-ասաց Քերոբյանը: