գլխավոր Քաղաքականություն «Ամերիկյան դիվանագիտությունն ակտիվանում է. Թրամփի վարչակազմը կփորձի իր ներդրումն ունենալ ԼՂ հակամարտության...

«Ամերիկյան դիվանագիտությունն ակտիվանում է. Թրամփի վարչակազմը կփորձի իր ներդրումն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում». Կոմերսանտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կփորձի իր ներդրումն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս հարցի շուրջ վերլուծություններ է արել ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ շեշտելով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվայում հանդիպելու պատրաստակամության մասին հայտնի դառնալուց հետո հաղորդվեց, որ ԱՄՆ պետքարտուղարը հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կընդունի երկրների ԱԳ նախարարներին:

Ինչպես նախօրեին հայտնել էր Politico պարբերականը, պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ առավոտյան հանդիպում կունենա ադրբեջանցի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ ավելի ուշ՝ Զոհրաբ Մնացականյանի:

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը «Կոմերսանտին» հայտնել է, որ Վաշինգտոնում նախատեսվում է նաև Բայրամովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Նշվում է, որ ԱՄՆ-ն հակամարտության վերսկսման առաջին իսկ օրերից կոչ է արել կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել խաղաղ բանակցությունները: Աղբյուրը ընդգծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն օրեր անց մեղադրել է ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային հակամարտությունը սրելու համար:

Պարբերականը նկատում է, որ ամերիկյան դիվանագիտության ակտիվացումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից հաշված օրեր առաջ: «Դոնալդ Թրամփը, որը հետ է մնում իր մրցակից Ջո Բայդենից, հույս ունի վերջին պահին հաղթանակ կորզել: ԱԳ նախարարներին Վաշինգտոն հրավիրելը կարող է լինել Նևադայում նախագահի ելույթի տրամաբանական շարունակությունը, որի ժամանակ վերջինս խոսել էր հայերի մասին»,- եզրափակում է հոդվածագիրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 20-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 200 անօդաչու թռչող սարք, 576 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6309 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 772 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։