գլխավոր Քաղաքականություն Հարավում շարունակվում են համառ մարտերը. Հովհաննիսյանը բացատրեց` ինչու

Հարավում շարունակվում են համառ մարտերը. Հովհաննիսյանը բացատրեց` ինչու

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում բացատրեց, թե ինչու են ամենահամառ մարտերը ընթանում հիմա հարավային ուղղությամբ։

«Հյուսիսում երեք օր անդադար ադրբեջանցիները պատրաստվում էին ուժեղ հարձակման։ 700-800 գրոհայիններով, պատկերացնո՞ւմ եք դա ինչ թիվ է, փորձեցին հարձակվել «Վահե» դիրքի վրա, սակայն հետ շպրտվեցին, ջարդվեցին` թողնելով 200 դի։ Հյուսիսում մեր պաշտպանությունը շատ գրագետ է կառուցված, լեռնային ռելիեֆը շատ հարմար է մեզ համար։ Այդքան ջարդվելուց հետո նրանք որոշեցին իրենց ուժերը կուտակել մի ուղղությամբ` հարավում, որն ավելի դաշտային է», – ասաց Հովհաննիսյանը։

Բացի դրանից հարավում ձախ հատվածից հոսում է Արաքս գետը, ինչը կարող է թվացյալ օգտակար լինել ադրբեջանական զորքի համար։ Սակայն մյուս կողմից` նրանք այսօր շրջափակման մեջ ընկան Կովսականում նաև գետի շնորհիվ։

«Այժմ մենք հարավում անցել ենք հակահարձակման և այո, առաջ ենք գնացել։ Ինձ մի քանի հրամանատարներ զանգել և ասել են դա։ Չեմ կարող ասել այս պահին ինչքան ենք հետ շպրտել թշնամում, բայց այս պահին էլ հարավային ուղղությամբ ընթանում են ինտենսիվ մարտեր։ Մենք մեկ հաջող օպերացիայով բնականաբար Ադրբեջանի ողնաշարը չենք կոտրել ամբողջությամբ», – ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Նա նաև անդրադարձավ հակառակորդի կողմից իրենց զինծռայողների դիակները չվերցնելու խնդրին։

«Պատճառը մեկն է` չեն ուզում, որ իրենց երկրում իմանան` քանի զոհ ունեն։ Միայն նրանց զոհերը չեն, որ փտում են ճահճուտներում ու կենդանիների կեր դառնում։ Նրանց կենդանի ու վիրավոր զինծառայողներն էլ են մնում, արնաքամ լինում և մահանում», – ասաց Հովհաննիսյանը։