գլխավոր Հասարակություն Մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ». 45 կառույցների ակցիան

Մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ». 45 կառույցների ակցիան

Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ակցիա են իրականացրել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 45 կառույցներ, որոնք ուղերձ են հղել աշխարհի երկրներին եւ խորհրդարաններին կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, որպես Արցախի տարածքում պատմականորեն բնակվող հայ ազգաբնակչության կյանքի իրավունքի եւ անվտանգության ապահովման միակ կայուն եւ հուսալի երաշխիք:

Ուղերձում ընդգծվում է, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ», երկակի ստանդարտներ եւ ուշադրություն է հրավիրվում այն փաստին, որ այսօր Արցախի Հանրապետության չճանաչված լինելը այնտեղ ապրող խաղաղ բնակիչների եւ նույնիսկ երեխաների տառապանքն ու մահը «արդարացնող» հանգամանք է դարձել եւ  համոզմունք է հայտնվում, որ միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է դառնալ կանանց, երեխաների, տարեցների եւ երիտասարդների բազմաթիվ կյանքեր խլող դաժան պատերազմը դադարեցնելու եւ Արցախում հումանիտար աղետը վերացնելու հստակ նախադրյալ:

Այսօր նախաձեռնության շրջանակներում 45 կազմակերպությունների ներկայացուցիչները եղել են նաեւ Հունաստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Միացյալ Թագավորության, ԱՄՆ դեսպանատներում, իսկ մեկնարկը այս երթի տվել է  Հայաստանում ԵՄ պատվիրակությունից: