
Միացյալ Նահանգներում հեռարձակվող Cheddar հեռուստաալիքի լրատվական մեկնաբան Հենա Դոբան Greenwich Media Strategies խորհրդատվական կենտրոնի տնօրեն Հագար Չեմալիի հետ եթերում զրուցել է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական հարձակումների մասին:
«Սա շատ կարևոր հարց է, որը դարերի պատմություն ունի, սակայն այն խնդիրը, որի մասին հիմա խոսում ենք, ի հայտ է եկել Իոսիֆ Ստալինի օրոք, երբ նա ձևավորում էր Խորհրդային Միությունը: Նա ցանկանում էր, որ Թուրքիան աջակցի Խորհրդային Միությանը, այդ պատճառով էթնիկ հայերի հայրենիքը կցեց Ադրբեջանին:
Սա պարզապես երկու կողմի կռիվ չէ հողատարածքի համար: Սա հայկական էթնիկ համայնքի գոյապայքարն է: Նրանք պայքարում են ապրելու համար: Այս պայքարի կարևոր կետերից է Թուրքիայի միջամտությունը: Թուրքիան բորբոքում է հակամարտությունը և սիրիացի վարձկանների է տեղափոխում այնտեղ: Դա իրավիճակը սարսափելի վտանգավոր է դարձնում»,- շեշտել է Չեմալին:
Վերջինս հավելել է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում հրադադար հաստատելու ուղղությամբ և չի ցանկանում բռնություն տեսնել տարածաշրջանում:
Չեմալին առանձին շեշտել է ԱՄՆ-ի դերակատարությունը միջազգային անվտանգության պաշտպանության գործում և նշել, որ չնայած դրան ԱՄՆ-ն ռազմական օգնություն է հատկացնում Ադրբեջանին: Նա հիշեցրել է նաև, որ 2017 թվականին թուրքերը հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա Վաշինգտոնում:
«Եթե Թուրքիային թույլ տանք այդպես վարվել, նրանք կմտածեն, որ կարող են անել ինչ ցանկանան, դա անթույլատրելի է», -հավելել է փորձագետը: