գլխավոր Քաղաքականություն ԼՂ հակամարտությունում Թուրքիայի նպատակը գնալով ավելի ակնհայտ է դառնում. Репортер

ԼՂ հակամարտությունում Թուրքիայի նպատակը գնալով ավելի ակնհայտ է դառնում. Репортер

Թուրքիայի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հակամարտությանը ցույց է տալիս, որ Անկարան տարածաշրջանում առավել տեսանելի դառնալու նպատակ ունի, ինչը կարող է խանգարել կողմերին՝ այս խնդրի շուրջ որևէ համաձայնության գալու հարցում և հակամարտությունը կարող է երկարատև պատերազմ դարձնել, գրում է Репортер կայքը։

Նշվում է, որ Անկարան և Բաքուն տարածաշրջանում հայերի նկատմամբ «հակահարձակման» անցնելուց առաջ հստակ ցույց են տվել, թե ինչ է նշանակում խնդրի «վերջնական կարգավորում»-ն իրենց համար․ հուլիսին ադրբեջանաթուրքական ուժերը համատեղ զորավարժություններ են իրականացրել, որից հետո թուրքական զորքերի մեծ մասը մնացել է Ադրբեջանի տարածքում։ Միևնույն ժամանակ 2020 թվականի երրորդ եռամսյակում գրեթե վեց անգամ ավելացել է Թուրքիայից ռազմամթերքի ներկրումը Ադրբեջան, մեկնարկել է նաև Սիրիայից, Լիբիայից և այլ երկրներից վարձկանների տեղափոխումը հակամարտության գոտի։ Հետևաբար՝ ռազմական գործողությունները նախապես ծրագրված են եղել, ուստի՝ կասկած չկա, որ Թուրքիան և Ադրբեջանը հարցի «վերջնական կարգավորման» են փորձել գնալ ռազմական միջոցներով։ 

Այս առումով ռազմական գործողությունները դադարեցնելու Մոսկվայի միջնորդական ջանքերը լի են ամենաանսպասելի հետևանքներով․ դրա վառ օրինակն է հրադադարի մասին համաձայնագրերի խախտումները: Բացի այդ, լինում են նաև հակամարտության սահմանների ընդլայնման փորձեր՝ ինչպիսիք են Հայաստանի ու Ադրբեջանի միջև պարբերաբար եղած կրակային հարվածները։  Միևնույն ժամանակ Մոսկվան ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններ ունի Երևանի առաջ, ինչը նշանակում է, որ Հայաստանին իրական սպառնալիքի դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի ռազմական միջամտության դիմել:

Իրադարձությունների նման զարգացումը կարող է նշանակել, որ Ռուսաստանը և Թուրքիան պատրազմի մեջ են։ Մտավախություններ կան, որ նման սցենարը Սիրիայում Ռուսաստանից կրած ցավալի պարտությունից հետո կարող է ձեռնտու լինել Էրդողանին։ Նշվում է, որ հնարավոր է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրելով, Էրդողանը փորձում է Դամասկոսում Թուրքիայի և ՆԱՏՕ-ի ծրագրերը խանգարելու համար վրեժ լուծել Ռուսաստանից։ Ռուսաստանը, հիրավի, այս պարագայում պետք է վերանայի Թուրքիայի հետ իր հարաբերությունները, քանի որ Անկարան արդեն մոտենում է «կարմիր գծին»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 20-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 200 անօդաչու թռչող սարք, 576 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6309 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 772 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։