գլխավոր Իրադարձային «Հեռացրե՛ք Էրդողան անունով քաղցկեղը, քանի դեռ այն չի տարածվել». Հովիկ Կեուչկերյանի տեսաուղերձը

«Հեռացրե՛ք Էրդողան անունով քաղցկեղը, քանի դեռ այն չի տարածվել». Հովիկ Կեուչկերյանի տեսաուղերձը

Իսպանահայ դերասան Հովիկ Կեուչկերյանը, ով հայտնի դարձավ «Թղթե տունը» (La Casa De Papel) իսպանական հայտնի հեռուստասերիալում Բոգոտայի կերպարով, իր յութուբյան էջում տեսաուղերձ է տեղադրել` ի աջակցություն Հայաստանի և Արցախի:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես միջազգային մամուլն է այն անվանում, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա, ներխուժում և օկուպացիա, դա Էրդողանի Թուրքիայի և Ալիևի Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղսպանություն սկսելու հստակ փորձ է: Դա ավելին է, քան պատերազմ:

Հայաստանն Արցախի հետ միասին ունի 3.150.000 բնակչություն, Թուրքիան Ադրբեջանի հետ ունի 92 մլն բնակչություն: Բացի այդ, Ադբեջանն ու Թուրքիան միասին ունեն 25 անգամ ավելի ուժեղ և տեխնիկապես ավելի զինված բանակ, քան հայկականը: Եվ, կարծես թե, այդ ամենը քիչ է, նրանց շարքերում են նաև վարձկաններ և սիրացի ահաբեկիչներ, որոնց վարձել են, որպեսզի սպանեն հայ զինվորականներին, խաղաղ բնակիչներին: Ես պնդում եմ, որ դա ավելին է, քան պատերազմ:

Հայաստանը մտադիր չէ զավթել ինչ-որ մեկին և ոչ էլ կոտորել կամ պատերազմել որևէ մեկի հետ: Հայերն ուզում են ապրել խաղաղ և բարգավաճել իրենց մայր հայրենիքում, աշխարհի բոլոր հայերի սուրբ երկրում, բայց հերթական անգամ ստացվում է, որ այդ իրավունքը չունենք»,- տեսանյութում շեշտել է սիրված դերասանը:

Կեուչկերյանը վստահ է, որ Թուրքիան, հատուկ օգտագործելով համաշխարհային պանդեմիան, փորձում է ավարտին հասցնել իր նախնիների 1915 թվականին կիսատ թողած գործը` հայերի բնաջնջումը:

«Հեռացրե՛ք Էրդողան անունով քաղցկեղը, քանի դեռ այն չի տարածվել: Եթե ոչ, վաղ, թե ուշ ստիպված կլինեք գործ ունենալ ձեր իսկ Ադոլֆ Հիտլերի հետ 21-րդ դարում: Հիացմունքս, ամբողջ սերս, աղոթքներս Արցախի ու Հայաստանի ողջ քաղաքացիական բնակչությանը, մարտական գործողությունների ընթացքում ընկած և հերոսացած զինվորներին և նրանց ընտանիքներին, զինծառայողներին, ովքեր այս պահին կրկին ատամներով պաշտապանում են մեր սուրբ հողը: Իմ հայ քույրեր և եղբայրներ, դուք մենակ չեք, Աստված օրհնի Ձեզ»,- ասել է Հովիկը: