գլխավոր Տարածաշրջան Անկլավների մասին հնարավոր  փաստաթղթեր գտնվում է ՌԴ և Վրաստանի Ազգային արխիվներում. ՀՀ...

Անկլավների մասին հնարավոր  փաստաթղթեր գտնվում է ՌԴ և Վրաստանի Ազգային արխիվներում. ՀՀ իշխանությունները փորձում են խոչընդոտել մեր աշխատանքներին. Վահան Հովհաննիսյան

Արդեն տևական ժամանակ է՝ փաստաբան Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ մի խումբ փաստաբաններ փաստաթղթեր, քարտեզներ են հավաքագրում, որպեսզի իրավական հիմքով ապացուցեն՝ Հայաստանում «անկլավներ» գոյություն չունեն: Այսինքն՝ փաստերով հերքել այն,  ինչը հաճախ ասում են ՀՀ իշխանական որոշ պատգամավորներ և Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչները։

168.am-ի հետ զրույցում Վահան Հովհաննիսյանն ասաց, որ աշխատանքները եռուն փուլում են, թեպետ ի սկզբանե չէին մտածել, որ փաստերի հավաքագրումը կարող է նման մեծ ծավալի հասնել։

«Աշխատանքների ծավալը մեծացել է, քանի որ մենք չենք կարող սահմանափակվել միայն մեր ներպետական դաշտով, սկզբում ենթադրում էինք, որ հնարավոր կլինի բավարարվել, բայց ոչ։ Ունենք որոշակի պաշտոնական պարզաբանումներ, որ մեր կողմից պահանջվող փաստաթղթերի գերակշիռ մասը գտնվում է ԽՍՀՄ՝ ներկայիս ՌԴ և Վրաստանի Ազգային արխիվներում։ Հետևաբար, գրություններ ենք հասցեագրել և՛ էլեկտրոնային տարբերակով, և՛ փոստային եղանակով՝ և Ռուսաստանին, և Վրաստանին՝ ազգային արխիվներից պահանջելով այդ փաստաթղթերը։

Ինքս իրատեսական եմ համարում, որ մեր պահանջած փաստաթղթերը կտրամադրեն, քանի որ որևէ արգելք չկա»,- նշեց Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանի խոսքով՝ այս պահին ունեն անհերքելի իրողություն՝ գոյություն չունի իրավական հիմք, որը կփաստի, որ այդ «անկլավներն» ինչ-որ իրավական փաստաթղթի հիման վրա պատկանել կամ պատկանում են Ադրբեջանին։

«Հիմա մենք աշխատանքի այն փուլում ենք, որ փորձում ենք պարզել՝ կա՞ այդպիսի փաստաթուղթ, որ այդ նշած տարածքները երբևիցե պատկանել են Ադրբեջանին։ Հենց այդ իրավական փաստաթուղթն է, որ մենք չենք կարողանում գտնել, հակառակն ապացուցող փաստաթղթերը շատ են։ Մենք այդ աշխատանքներն ավարտելուց հետո  բոլոր փաստերը կհրապարակենք»,- շեշտեց Վահան Հովհաննիսյանը։

Ըստ նրա, կոնկրետ ժամկետներ նշված չեն, թե Ռուսաստանի և Վրաստանի ազգային արխիվներից որքան ժամանակ հետո կպատասխանեն ուղարկված հարցմանը։

«Պահանջվող փաստաթղթերի ծավալը բավականին մեծ է։ Կարծում եմ՝ պատասխանը մենք կստանանք առաջիկա մեկ շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում, որովհետև արդեն 10 օր է՝ ինչ ուղարկել ենք։

Փաստերի հավաքագրման ընթացքում մենք պաշտոնական պարզաբանում ստացանք, որ այդ փաստաթղթերի գերակշիռ մասը հենց գտնվում է այդ արխիվներում։ Հաշվի առնելով, որ 1920-30-ականներին կազմավորված էր Անդրկովկասի Հանրապետությունը՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան, սրա հետ կապված է, որ փաստաթղթերի մեծ մասը գտնվում է  հենց Վրաստանի Ազգային արխիվում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ փաստերի հավաքագրման այս ամբողջ ընթացքում իշխանության որևէ ներկայացուցիչ կապ հաստատե՞լ է աշխատող խմբի հետ և փորձել որևէ կերպ աջակցել, Վահան Հովհանիսյանը պատասխանեց.

«Իշխանությունը ոչ միայն մեզ հետ չի ցանկանում աշխատել, այլև փորձում են խոչընդոտել մեր աշխատանքներին։ Հիմա չեմ ցանկանում փաստաթղթեր բացել, քանի որ կոնկրետ այժմ իրավասու պետական մարմինները, որոնք պարտավոր են մեզ տրամադրել տեղեկատվություն, այդ տեղեկատվությունը չեն տրամադրում։ Շատ փակագծեր չեմ ուզում բացել, բայց մեր վերջնական փաստաթղթով նաև դրա մասին ենք պատրաստվում հրապարակում անել։ Կարծում եմ՝ սա ուղղակի ցուցում է, որպեսզի այդ փաստաթղթերը մեզ չտրամադրեն։ Որպես հիմնավորում՝ բերում են ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները, սակայն որևէ իրավական հիմնավորում, պատճառաբանություն գոյություն չունի։ Եթե մեր պատկան մարմինները մեզ պատշաճ պատասխանեին, գուցե ավելորդ լիներ Ռուսաստանին ու Վրաստանին դիմելը։ Այդ տեղեկատվական բացի պատճառով է, որ այսօր դիմել ենք այդ երկրների արխիվներին»,- եզրափակեց Վահան Հովհաննիսյանը։

Նշենք, որ փաստերի հավաքագրումն ավարտելուց հետո, փաստաբանական խումբը պատրաստվում է  փաստերը տարբեր լեզուներով թարգմանել և հրապարակել, ինչպես նաև տրամադրել միջազգային կառույցներին։