գլխավոր Քաղաքականություն Շատ էական է հստակությունը դիրքորոշման մեջ. Շավարշ Քոչարյան 🎥

Շատ էական է հստակությունը դիրքորոշման մեջ. Շավարշ Քոչարյան 🎥

Տվյալ պարագայում երեք համանախագահների մոտ էլ օրակարգում մեկ հարց է, որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ այդ հրադադարն իրականացվի. չլինի այնպես, որ անընդհատ այսինչ ժամից հրադադար հայտարարվի, հետո այն խախտվի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Շավարշ Քոչարյանը շեշտեց՝ ներկա փուլում երեք համանախագահներն ունեն մեկ մանդատ, և այդ մանդատը կայանում է կողմերի՝ փոխզիջումների միջոցով ընդհանուր հայտարարի հասնելուն:

Նա նշեց, որ երկրորդ մանդատն էլ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելն է:

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի միջազգային կառույցների արձագանքը, Քոչարյանն ասաց. «Տարբեր արձագանքներ կան։ Շատ էական է հստակությունը դիրքորոշման մեջ։ Շատ տեղեր կան, որ մենք բավարարված չենք։ Չի կարելի Արցախի Հանրապետությունը դիտարկել որպես տարածք, քանի որ ճանաչված չի, որտեղ մարդիկ չեն կարող օգտվել տարրական մարդկային իրավունքներից։ Չի կարելի տարբերակել մարդկանց, կախված նրանից՝ որ սուբյեկտում են բնակվում»։

Քոչարյանի խոսքով՝ 90-ականներին Հայաստանում վիճակն ավելի ծանր էր. «Եթե մենք դիտարկում էինք՝ աշխարհն ինչու է լռում, իրականում, անկախ ամեն ինչից, մենք դրանից հետո մեծ պատվով դուրս եկանք։ Մենք գտնվում ենք պատերազմի մեջ և խնդիրը միջազգային կազմակերպությունների արձագանքը և այլն, ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում։ Ամեն օրը հայկական կողմի համար ցավալի է, որովհետև կյանքեր ենք կորցնում: Եթե խոսքը քո անվտանգության պաշտպանության մասին է, առաջին հերթին դա քո պարտքն է։ Նա ով հույսը դնում է, որ օտարը կգա ու կօգնի՝ դատապարված է։ Ավելին, Թուրքիայի բացահայտ երևալը խոսում է այն մասին, որ խոսքը վերաբերում է ոչ միայն պատերազմում պարտություն կրել-չկրելուն, այլ՝ հնարավոր ցեղասպանությանը»։

Շավարշ Քոչարյանն շեշտեց, որ պատերազմի դաշտում հաղթանակն անհամեմատ լայն հնարավորություններ է տալիս դիվանագետներին: