գլխավոր Իրադարձային Ակտիվիստները գոհ են ԵՄ դեսպանի հետ հանդիպումից

Ակտիվիստները գոհ են ԵՄ դեսպանի հետ հանդիպումից

Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպած քաղաքացիների տպավորությամբ՝ Արցախի խնդրի վերաբերյալ ԵՄ դեսպանի դիրքորոշումը հայանպաստ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքացիներն այս մասին ասացին դեսպանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:

Անդրեա Վիկտորինի հետ հանդիպել էին ակտիվիստներ Արմինե Մելքոնյանը, Արսեն Վարդանյանն ու Անահիտ Բախշյանը: Դեսպանը, սակայն, չի թույլատրել, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները ներկա լինեն հանդիպմանը:

«Պատասխանները բավականին հստակ էին՝ չնայած որոշակի տարաձայնություններ եղան տերմինների, ոչ ճիշտ ձևակերպումների հետ կապված: Մենք խոսեցինք այն մասին, որ ԵՄ-ն, եվրոպական բոլոր կառույցները այսօր նույն լռության քաղաքականությունն են վարում, որը վարում էին 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ»,-ասաց Արմինե Մելքոնյանը:

Քաղաքացիները դեսպանին ցույց են տվել նկարներ, թե ադրբեջանական կողմն ինչպես է վարվում հայ գերիների, զոհերի հետ: Դեսպանն ասել է, որ ծանոթ է ամեն ինչին մանրամասն, տեղեկացրել է նաև, որ այդ բոլորը ներկայացրել են Բրյուսել: Նա նաև հույս է հայտնել, որ կհնչի գնահատական:

«Նա նշել իր համակրանքը հայերի նկատմամբ: Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը: Դեսպանի դիրքորոշումը չափից դուրս հայանպաստ էր: Սա տեսանելի էր»,-ասաց Մելքոնյանը:

Դեսպանը նշել է նաև, որ մեծագույն ցավ է ապրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու, մշակութային արժեքների ավերման համար: Դեսպանը, սակայն, հիշեցրել է, որ ԵՄ-ի որոշումները միակողմանի չեն ընդունվում: Ավելի քան 20 երկրներն են վերջնական գնահատականը հնչեցնելու: Նա ասել է, որ իրենցից հիմա կախված է այս պահին Բրյուսել ներկայացնել տրամադրած փաստերը և հուսալ, որ ԵՄ երկրները կհնչեցնեն արդարացի գնահատական:

Արսեն Վարդանյանն էլ նշեց, որ դեսպանի կարեկցանքը նկատելի էր, բայց այնուամենայնիվ, նա պնդել է ԵՄ-ի տեսակետը: «Շեշտվել է տարածքային ամբողջականության թեման: Բայց մենք ավելի քան կարևոր համարեցինք ազգերի ինքնորոշման հարցը՝ նշելով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ինչպես Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և այլ երկրներ, հռչակել են իրենց անկախությունը, այնպես էլ Արցախն է հռչակել իր անկախությունը, որը պետք է միջազգայնորեն ճանաչվի: Եվ հիմա դրա համար լավագույն ժամանակաշրջանն է: Տարածքային ամբողջականություն չի կարող դիտարկվել Խորհրդային միության փլուզված տարածքի վրա»,-ասաց նա:

Ռազմական հանցագործությանը վերաբերվող բոլոր կադրերը, երևույթները և փաստերը Եվրոպայում ֆիքսվում են, միջազգային կառույցները, փաստահավաք խմբերը դրանք մշակում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան միջազգային ռազմական դատարանում պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվություն կրեն: Քաղաքացիները խնդրել են զեկույցում նշել, որ Ադրբեջանն Արցախը համարում է միայն տարածք՝ առանց հայ բնակչության: Իսկ դա ցեղասպանության առաջին ցուցիչներից է: Նրանք նաև շեշտել են, որ Արցախի հարցը ունի միայն մեկ լուծում, և դա Արցախի ճանաչումն է: