
ՌԻԱ Նովոստին հայտնում է. Ֆրանսիայում դաժանորեն սպանված պատմության ուսուցիչը հետմահու կպարգևատրվի «Պատվո լեգիոնի» շքանշանով: Տեղեկությունը հաստատել Է երկրի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկերը:
«Նա նաև կպարգևատրվի «Ակադեմիական արմավենիների» շքանշանով, դա շատ խորհրդանշական Է, այդ շքանշանը հանձնում են ուսուցիչներին, կրթության բնագավառի ներկայացուցիչներին»,-ասել Է Բլանկերը՝ BFMTV հեռուստաալիքի եթերում:
Հոկտեմբերի 16-ին չարագործը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին գլխատել Է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում: Սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր Է անցկացրել և ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
Հարձակվողը գնդակահարվել Է ոստիկանության աշխատակիցների կողմից: Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավար Ժան Ֆրանսուա Ռիկարը հայտարարել Է, որ հարձակվողը ծնվել Է Մոսկվայում, 2002 թվականին. նա ուներ չեչենական ծագում և փախստականի կարգավիճակ Էր ստացել Ֆրանսիայում:
Գործի հետաքննության ընթացքում ձերբակալվել Է 11 մարդ, այդ թվում՝ հարձակվողի ազգականները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղի ունեցածը որակել Է ահաբեկչական գործողություն: Եվրոպայի չեչենների ասամբլեան դատապարտել Է ուսուցչի սպանությունը:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ցավակցություն Է հայտնել սպանված ուսուցչի ազգականներին և հայտարարել, որ Չեչնիան կտրականապես հանդես Է գալիս ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ:
Հոկտեմբերի 18-ին Փարիզի Հանրապետության հրապարակում և Ֆրանսիայի այլ քաղաքներում ակցիաներ են անցկացվել՝ ի հիշատակ սպանված ուսուցչի, ցույցերի մասնակիցները դուրս են եկել ազատ խոսքի եւ ուսուցիչների պաշտպանության կարգախոսներով: Ակցիաներին մասնակցել են այդ թվում՝ երկրի վարչապետ Ժան Կաստեքսը, կառավարության մի շարք անդամներ և քաղաքագլուխ Անն Իդիլգոն: