գլխավոր Գլխավոր Արցախում պատերազմ չէ, այլ հայ ազգի վերացում․ Վիտալի Միլոնով

Արցախում պատերազմ չէ, այլ հայ ազգի վերացում․ Վիտալի Միլոնով

Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը EADaily-ի հետ զրույցում կիսվել է իր ոչ այնքան հաճելի այցի տպավորություններով և ընդգծել, որ Անդրկովկասում շարունակվող բախումները հետխորհրդային տարածքի վրա ՆԱՏՕ-ի անդամի (Թուրքիա) ռազմական հարձակման գրեթե առաջին օրինակն են:

Լրագրողի այն հարցին, թե ինչ է ԼՂ-ում տեսել, պատգամավորը նշել է՝ թուրքական անօդաչուներ, «Իսլամական պետության» վարձկաններ, ադրբեջանցի զինվորներ, Ստեփանակերտի կենտրոնի ռմբակոծություններ, քանդված տներ, հուղարկավորություններ:

Միլոնովը հավելել է, որ ադրբեջանցի զինվորներին մոտիկից չի տեսել. եթե այդ հանդիպումը մոտ լիներ, ապա կամ նրանք իրեն կսպանեին, կամ ինքը՝ նրանց:

«Հրադադարից հետո Ստեփանակերտն առաջին գիշերը չեն ռմբակոծել: Իրականում ադրբեջանցիները որևէ բանակ չունեն: Դա միֆ է «Ինստագրամ»-ում «սելֆի» անելու համար: Նրանց մոտ հիմա մի կողմից Թուրքիայի գլխավոր շտաբի կեսն է նստած, մյուս կողմից՝ հետախուզական և հարվածային իսրայելական անօդաչուները, որոնք այսօր կիրառվում են ոչ միայն Ղարաբաղի տարածքում, այլև անմիջապես Հայաստանի տարածքում: Ես ինքս տեսել եմ այդ անօդաչուները»,- պատմել է պատգամավորը:

Նրա խոսքով, բնակչության 99%-ը հույս ունի, հավատում է, որ Ռուսաստանը կփրկի իրենց նոր ցեղասպանությունից, քանզի այն, ինչ անում է ադրբեջանական բանակը, դա պատերազմ չէ:

«Երբ բանակը պատերազմում է տեղի բնակչության հետ, ապա դա ազգի ամբողջական վերացում է: Ընդհանուր առմամբ, դա 1915թ. օսմանյան ագրեսիայի կրկնությունն է»,-կարծում է Միլոնովը:

Այն հարցին՝ արդյո՞ք ռուսական դիրքերն Անդրկովկասում ուժեղ են, ինչպես նախկինում, ՌԴ-ն ունի՞ այդքան հեղինակություն, որ կարողանա ազդել նման բարդ իրավիճակի վրա, պատգամավորը նշել է, որ իրենք անում են դա, փորձում են: Նրա կարծիքով՝ եթե չլիներ Ռուսաստանը, ապա այնտեղ շատ ավելի վատ կլիներ:

«Մենք, սակայն, չպետք է թուլանանք: Խնդիրը նրանում է, որ Ռուսաստանը, որպես միջազգային հանրության անդամ, խաղն ըստ կանոնների է վարում, իսկ Թուրքիան խաղում է առանց կանոնների: Թուրքիան խախտում է բոլոր երևակայելի կանոնները: Սա Հայաստանի և Ադրբեջանի պատերազմը չէ, սա, անկասկած, թուրքական աշխարհաքաղաքական ընդլայնում է և Ադրբեջանի ինքնիշխանության կորուստ, քանի որ այդ հանրապետությունն այժմ վերածվելու է ինչ-որ պրոտեկտորատի: Իսկ Իլհամ Ալիևը, ով այժմ իշխանության ղեկին է, հենց այս պահին իր անձնական խնդիրներն է լուծում, և անում է դա իր սեփական բնակչության հաշվին»,- նշել է ռուս պատգամավորը:

Միլոնովը հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպել չի ստացվել: Նրանց կողմից լսվել են միայն սպառնալիքներ, որ իրեն կգտնեն, կգնդակահարեն, կկախեն, ինչպես բոլոր հայերին: Նրա խոսքով՝ դա ադրբեջանական բանակին բնորոշ երևույթների շարքից է՝ խիստ դեմք ընդունել տեսախցիկի առջև՝ զենքը ձեռքին, իսկ վտանգի դեպքում այնպես վազել, որ միայն կրունկներն փայլեն:

Իրանի հետ կապված հարցին, Միլոնովը նշել է, որ Թուրքիայի ծրագրերում է կտրել կապը Իրանի և Հայաստանի միջև, քանի որ կան առևտրային կապեր, Իրանից Հայաստան ճանապարհ կա: Խնդիրն է՝ կտրել այդ ճանապարհն ամբողջությամբ և միջանցք բացել դեպի Նախիջևան:

Պատգամավորը նշել է, որ այս այցը բացառապես իր նախաձեռնությունն է եղել: Նա նաև ասել է, որ իր գործընկերներին կառաջարկի անհապաղ ընդունել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարաններ դիմելու բանաձև՝ արյունահեղության դադարեցմանն աջակցելու համար: