գլխավոր Իրադարձային Նուբար Աֆեյանի բաց նամակը The New York Times-ին

Նուբար Աֆեյանի բաց նամակը The New York Times-ին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Moderna ընկերության նախագահ Նուբար Աֆեյանն ամերիկյան The New York Times թերթի՝ ղարաբաղյան պատերազմի մասին պատմող ռեպորտաժին ի պատասխան նամակ է գրել։

Նամակում, մասնավորապես, ասվում է, որ «էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումների սրման մասին թերթի ռեպորաժը սարսափով է լցրել իրեն»։

«Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ռազմական գործողությունները, մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդումները և մայրաքաղաքի քաղաքացիական բնակչության շարունակվող ռմբակոծությունները վկայում են, որ Հայոց ցեղասպանությունից հետո առաջին անգամ հայ ժողովուրդը բախվել է գոյութենական սպառնալիքի»,- գրել է Աֆեյանը։

Նրա խոսքով՝ երբ համաշխարհային տերությունները միջամտում են, որպեսզի կանգնեցնեն ծավալվող վայրագությունները, դա ագրեսորներին ազդանշան է ուղարկում այն մասին, որ երկրի բռնակցումը կամ ժողովրդի ու մշակույթի ոչնչացումն անթույլատրելի են։

«Հիտլերը, ծրագրելով զանգվածային ոչնչացման իր ծրագիրը, խորհում էր այն մասին, որ պատմությունը մոռանում է նման վայրագությունների մասին։ Խոսելով օսմանյան թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության մասին՝ նա, ինչպես հայտնի է, հարցրել է․ «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»։ Արդեն շուրջ 30 տարի է, ինչ Հայաստանը գոյություն ունի որպես նորանկախ հանրապետություն, և հայ ներգաղթյալներն ամբողջ աշխարհում, այդ թվում և ես, տասնամյակներ և զգալի ռեսուրսներ ենք ծախսում սոցիալական, տնտեսական և հումանիտար զարգացմանը նպաստելու համար, որպեսզի օգնենք Հայաստանին վերածնվել և բարգավաճել: Աղքատ երկրում, որն արդեն ծնկի է եկել համաճարակի պատճառով, առաջընթացը դանդաղում է։ Արդյոք կմիջամտի՞ Ամերիկան վայրագությունը կանխելու համար»,- գրել է Աֆեյանը։