գլխավոր Քաղաքականություն Չես կարող փոխարինել նավթը արյամբ, այդ դեպքում բարոյականությունը կմեռնի. Վարուժան Ոսկանյանը՝ DCnews-ին

Չես կարող փոխարինել նավթը արյամբ, այդ դեպքում բարոյականությունը կմեռնի. Վարուժան Ոսկանյանը՝ DCnews-ին

Ռումինիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Վարուժան Ոսկանյանը,  DCnews լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ողջունել է  Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձևը, որով դատապարտվել են վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից գործված ոճրագործություններն Արցախի։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի դեմ պետք է լինեն նաև տնտեսական պատժամիջոցներ և նկատել, որ դա մի փոքր դժվար է, քանի որ Ադրբեջանն առաջին անհրաժեշտության էներգամատակարար է։ «Այնուամենայնիվ, չես կարող փոխարինել նավթը արյամբ, քանի որ այդ դեպքում բարոյականությունը կմեռնի»,- շեշտել է Վարուժան Ոսկանյանը։

Հարց․ Պարոն Ոսկանյան, Դուք շատ լավ ծանոթ եք հայոց պատմությանն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ Պատմեք, խնդրում եմ, այս հակամարտության պատմության և այն մասին, թե ինչու իրավիճակն այսչափ սրվեց։ Վերջին 30 տարվա ընթացքում մի քանի անգամ եղան կտրուկ սրացումներ, ինչպես այս տարվա ամռանը կամ՝ 2016 թվականին, բայց այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է։

Վարուժան Ոսկանյան Լեռնային Ղարաբաղի շրջանը մշտապես պատմական Հայաստանի մաս է կազմել, իսկ երբ անկախ հայկական պետությունը դադարում էր գոյություն ունենալ, այս շրջանը, միևնույնն է, մնում էր հայկական մշակութային տարածքում։ Եվ սա ես չեմ ասում, այլ անտիկ պատմիչներ Պլինիոս Ավագը, Դիոն Կասսիոսը, Պլուտարքոսը, Ստրաբոնը և այլն։ Դարերի ընթացքում այս շրջանը պատկանել է տարբեր կայսրությունների, որոնք հասել են այնտեղ, բայց այն պատմությունը, որի մասին խոսում ենք, սկսվում է Օսմանյան կայսրության փլուզումից և բոլշևիկների ծավալապաշտական քաղաքականությունից։ 1918թ. ստեղծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը, որի կազմում էին Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, որի հիման վրա շատ կարճ ժամանակ անց ձևավորվեցին երեք հանրապետություններ։ 1920թ. բոլշևիկյան ծավալապաշտական նկրտումների հետևանքով այս հանրապետություններում հիմնվեցին խորհրդային կարգեր։ 1921թ. հուլիսի 4-ին տեղի ունեցավ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի նիստը, որի ընթացքում որոշվեց, ինչպես բնական էր, Լեռնային Ղարաբաղը թողնել Հայաստանի կազմում, սակայն հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, Ստալինի միջամտությամբ որոշումը փոխվեց, և Ղարաբաղը հայտնվեց Ադրբեջանի կազմում։ Ստալինի որոշման դրդապատճառն այն էր, որ նա ցանկանում էր Թուրքիայի հանդեպ բարեկամական քայլ կատարել՝ միամտորեն կարծելով, որ Թուրքիան կարող էր դառնալ սոցիալիստական երկիր։ 1923թ. հուլիսի 7-ին Ադրբեջանի կազմում ստեղծվեց ԼՂ ինքնավար մարզը, բայց պետք է ընդգծեմ, որ հայերը երբեք չհաշտվեցին այս շրջանը Ադրբեջանին հանձնելու որոշման հետ։ Իհարկե, չնայած սովետական իշխանության ընթացքում բոլոր տեսակի ներքին հակամարտությունները սառեցվեցին, այնուամենայնիվ, 1963 թվականին, երբ Կոմկուսի առաջին քարտուղարը Նիկիտա Խրուշչովն էր, այս շրջանի հազարավոր հայեր գրավոր դիմեցին իշխանություններին, որպեսզի այն Ադրբեջանի ԽՍՀ-ից անցնի Հայաստանի ԽՍՀ-ին։ ԽՍՀՄ-ի մասնատման և ժողովուրդների՝ ազատություն ձեռք բերելու խորապատկերում Ղարաբաղում սկսվեց մի իրական շարժում, որը պահանջում էր նախ Հայաստանի հետ միացում, իսկ հետո՝ անկախություն։ 1987-1988թթ. շուրջ 75000 մարդ խնդրագիր ստորագրեց, իսկ 1988թ. փետրվարի սկզբին, երբ Խորհրդային Միությունը դեռ գոյություն ուներ, Ղարաբաղի տեղական սովետական իշխանությունները քվեարկեցին Հայաստանի հետ միացման օգտին։ Այդ պահից սկսվեց հակամարտությունը։ Դժբախտաբար, այն ունեցավ արյունալի դրսևորում. տեղի ունեցան հայ անմեղ բնակչության զանգվածային ջարդեր ադրբեջանական Սումգայիթ և Բաքու քաղաքներում։ Հետագայում Լեռնային Ղարաբաղի շրջանն ինքնորոշվեց և հայտարարեց անկախության մասին, ստեղծեց դիմադրողական կառույցներ, որից հետո սկսվեց զինված հակամարտություն Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, որը տևեց մինչև 1994թ.։ Ըստ տարբեր գնահատականների՝ երկու կողմերը միասին մոտ 30000 զոհ ունեցան։ Չեմ ուզում շատ խոսել հայ բնակչության ցուցաբերած հերոսական սխրանքների մասին, պարզապես պատկերացրեք, որ Ղարաբաղն այն ժամանակ ուներ մոտ 200 000 բնակչություն, իսկ Ադրբեջանը՝ 8 միլիոնից ավելի։

Եվս մեկ կարևոր փաստ ընդգծեմ. 1921 թվականին, երբ Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին, բնակչության մոտ 95%-ը հայեր էին։ Հետագա տասնամյակների ընթացքում փորձեր արվեցին փոխելու շրջանի ժողովրդագրական պատկերը, ինչպես տեղի ունեցավ այլ շրջաններում։ Ռումինիայում ևս նմանօրինակ մի իրավիճակ եղավ, երբ պատմական Մոլդովայի շրջանի հարավային հատվածը տրվեց Ուկրաինային։ Չնայած այդ ամենին՝ հայ բնակչությունը դիմացավ, և 1988 թվականին շրջանի 75%-ը դեռ հայեր էին։ Դժբախտաբար, այս անգամ հակամարտությունն ուղեկցվեց բնակչության զանգվածային տեղահանմամբ։ Հայաստանում ադրբեջանցիներն այնքան էլ շատ չէին, իսկ Ադրբեջանում ապրում էին հարյուր հազարավոր հայեր, որոնք ստիպված էին լքել իրենց տները։ Խոսքը մոտ 500,000 հայերի մասին է, որոնց մեծ մասը հաստատվեց Ղարաբաղում և Հայաստանում, մյուսներն էլ մեկնեցին այլ երկրներ։ Փաստացի, Ադրբեջանում այլևս հայ չմնաց։ 1994թ. մայիսին կնքվեց զինադադար։ Ադրբեջանը պարտվեց Լեռնային Ղարաբաղի հետ այդ պատերազմում, և պիտի ընդգծեմ, որ Հայաստանը հակամարտության մաս չէր կազմում, այն բացառապես Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև էր։ Կողմերի միջև բանակցություններ անցկացնելու նպատակով ձևավորվել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն ունի եռանախագահություն Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Այս ընթացքում մշտապես տեղի էին ունենում տարբեր տիպի բախումներ, սակայն հայկական զինված ուժերը հաջողությամբ հետ էին մղում ցանկացած ոտնձգություն։ Այս անգամ ամեն ինչ այլ է։ Առաջին հերթին, Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իրենք կանգ չեն առնի մինչև չգրավեն ողջ Ղարաբաղը, ինչը այս հայկական պետության ոչնչացման փորձ է, մի պետության, որը պաշտոնապես չի ճանաչվել ոչ մի երկրի կողմից, սակայն այն ունի կառավարություն, ունի նախագահ՝ Արայիկ Հարությունյանը, ով անձամբ է գնացել ճակատ՝ օրինակ ծառայելու բոլորին։ Նա այս տարվա ապրիլին էր նախագահ ընտրվել։

Հարց․ Ադրբեջանական լրատվամիջոցներում լուր տարածվեց, ըստ որի, նա վիրավորվել է։

Վարուժան Ոսկանյան Ադրբեջանական լրատվամիջոցներում հաճախ են հայտնվում նման լուրեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Եվ, ի վերջո, ո՞րն է այսօրվա առանձնահատկությունը։ Առաջին հերթին, եթե Ադրբեջանը միայնակ լիներ Ղարաբաղի դեմ, ինչպես մինչ այժմ, Ղարաբաղն առանց խնդիրների հետ կմղեր ադրբեջանցիների գրոհները։ Ի դեպ, մենք՝ հայերս, այդ շրջանը կոչում ենք Արցախ, արտասահմանցիներն այն կոչում են Լեռնային Ղարաբաղ։ Արցախ բառի ծագումը կապված է «ցախ» բառի հետ՝ հաշվի առնելով այդ շրջանում բազմաթիվ անտառների առկայությունը, իսկ «Ղարաբաղ» անվան ծագումը պարսկա-թուրքական է, «նագորնո» բառինը՝ ռուսական։ Այնպես որ, ներողամիտ եղեք, եթե երբեմն այդ տարածքը կոչեմ իրական հայկական անունով։ Այդպես է նաև Հայաստանի դեպքում. մենք՝ հայերս, այն կոչում ենք «Հայաստան», որն առասպելական ծագում ունի, նշանակում է հայերի երկիր, իսկ ահա մ.թ.ա. 521թ. Բեհիսթունյան արձանագրությունում նշվում է «Արմենիա» անունը, որն էլ տարածվեց այլազգիների շրջանում։

Այս անգամ Ադրբեջանը վայելում է Թուրքիայի բացահայտ աջակցությունը, իսկ Էրդողանը նույնիսկ չթաքցրեց դա։ Խոսքը մի վտանգավոր գաղափարախոսության վերածննդի մասին է, որը կոչվում է պանթյուրքիզմ։ Այն նախատեսում է մի կայսրության ստեղծում, որը կմիավորի թուրքական ծագում ունեցող բոլոր ազգերին՝ թուրքերին, ադրբեջանցիներին, թուրքմեններին և այլն։ Սա մի փիլիսոփայություն է, որն ի հայտ եկավ Առաջին համաշխարհային պատերազմի վերջում և որի գաղափարախոսը Զիյա Գյոկալպն էր։ Հետագայում պանթյուրքիզմը դարձավ քեմալիզմ, և արդեն ավելի քիչ խոսվեց դրա մասին։ Ահա այսօր այն վերադարձավ, և հայերի փաստացի թշնամին այս պանթուրքիզմն է, Ադրբեջանի, Թուրքիայի և Սիրիայի թուրքմեն կամ արաբ իսլամական վարձկան ծայրահեղական տարրերի միությունը։ Սակայն ո՞րն է Թուրքիայի աջակցությունը։ Թուրքիան աջակցում է ավիացիայով՝ անօդաչու թռչող սարքերով, ներառյալ՝ կործանիչ ԱԹՍ-ները, ինչպես նաև բարձր մակարդակի ռազմական փորձաքննությամբ։ Թուրքիան նաև ֆինանսավորում է նշածս վարձկաններին, որոնց գոյության մասին բազմաթիվ ապացույցներ ներկայացվեցին, այդ թվում՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իրանի և որ ամենահետաքրքիրն է՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից, որը հաստատեց, որ Սիրիայի տարածքից բավականին մեծ թվով վարձկանների տեղափոխել են Ադրբեջան։ Այսպես, Ադրբեջանը հարձակում սկսեց սեպտեմբերի 27-ին։ Բնականաբար, նրանք, ինչպես միշտ, մեղքը բարդում են հայերի վրա, սակայն  բացարձակ իմաստ չկար, որ հայերը սրեին հակամարտությունն այնտեղ, որովհետև հայերն իրենց հողի վրա են, այնտեղ զարգացրել են պետական կառուցվածք և ոչ մի շահ չունեն հարձակվելու Ադրբեջանի վրա։ Առավել ևս, եկեք բաց խոսենք, պայքարն ամբողջապես անհավասար է։ Մի կողմից ունենք 10 մլն ադրբեջանցի՝ բավականին լավ զինված բանակով, որին աջակցում է Թուրքիան, որի բանակը ՆԱՏՕ-ի ամենաուժեղ ռազմական կառույցներից է, հավանաբար ԱՄՆ-ից հետո Թուրքիան ունի ամենամեծ բանակը։ Բացի այդ, Ադրբեջանը զինվելու նպատակով անհամեմատ մեծ ծախսեր է կատարել։ Եթե թվերով խոսենք՝ վերջին տասը տարում Ադրբեջանը 24 մլրդ դոլար է հատկացրել իրենց տերմինաբանությամբ «պաշտպանության» համար։ Իհարկե, իրենք նշում են պաշտպանություն, որը, հասկանում ենք, իրականում նշանակում է հարձակում։ Հայաստանը ծախսել է մոտ 4 մլրդ դոլար՝ հաշվի առնելով նաև ավելի համեստ բյուջեն։ Միայն անցած տարի Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 1.6 մլրդ դոլար՝ ի համեմատ Հայաստանի 400 մլն դոլարի։ Չմոռանանք, որ 10 միլիոնանոց Ադրբեջանին այսօր դիմակայում է 150 հազարանոց Արցախը։ Իհարկե, հայկական կողմն ունի առավելություն, որը կապված է ռելիեֆի հետ. այն հիմնականում լեռնային է և դժվար անցանելի ռազմական տեխնիկայի համար, և այդ դեպքում ավելի փոքր թվով պաշտպանվող զինվորներ կարող են հետ մղել հարձակումները։

Սեպտեմբերի 27-ի լայնածավալ հարձակումը մենք կոչում ենք ահաբեկչական, որովհետև ադրբեջանցիներն օգտագործում են միջազգային ահաբեկիչների։ Բացի այդ՝ այս հարձակումը ոտնահարեց ԵԱՀԿ շրջանակներում բնականոն կերպով ընթացող բանակցությունները։ Ադրբեջանը ռմբակոծեց մի շարք քաղաքների քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում հայկական կողմում տասնյակ զոհեր և վիրավորներ կան, այդ թվում՝ երեխաներ։ Ադրբեջանն օգտագործում է (նաև հայկական քաղաքների վրա նետելով) կասետային ռումբեր՝ համաշխարհային մասշտաբով արգելված չափազանց վտանգավոր զինատեսակ, քանի որ այն պահին, երբ ռումբը հասնում է նպատակակետին, անմիջապես ցրվում է տարբեր կողմերով և ոչնչացնում ցանկացած կենդանի էակի, այսինքն՝ հենց այդ նպատակով են օգտագործում այդ զինատեսակը։ Միևնույն ժամանակ, հնարավոր է՝ մտածեք, որ մի փոքր չափազանցնում եմ, բայց հավանաբար Վիետնամական պատերազմից հետո սա ամենակոշտ ռազմական բախումն է։ Սակայն, ի տարբերություն մինչ օրս տեղի ունեցած պատերազմների, ներառյալ՝ Իրան-Իրաքյան պատերազմը, Քուվեյթի կամ Աֆղանստանի պատերազմը՝ օգտագործվում է աննախադեպ շատ ռազմական տեխնոլոգիա։ Միայն կործանիչ ԱԹՍ-ները բավական են, քանի որ դրանք այս ինտենսիվությամբ չեն կիրառվել, և այսօր Ադրբեջանը լայնածավալ կերպով օգտագործում է դրանք։ Եվ ուրեմն, սա է այսօրվա իրավիճակը. հայկական բանակը մինչ այս պահը հաջող կերպով պաշտպանվում է, ընդամենը մի քանի կիլոմետր հայկական զորքերը հետ քաշվեցին, որն իրականում տակտիկական նահանջ էր։ Քանի որ նկարագրեցի ընդհանուր իրավիճակը, կարծում եմ՝ պետք է խոսենք նաև միջազգային համատեքստից։ Հուսով եմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կոչերն՝ ուղղված միջազգային հանրությանը, կգտնեն իրենց հասցեատերերին։

Հարց Շատերը մտահոգություն հայտնեցին Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման առնչությամբ։ Գիտենք, որ գոյություն ունի ՀԱՊԿ դաշինքը, որով Ռուսաստանը պարտավոր է միջամտել, եթե Հայաստանի հանդեպ տեղի ունենա ռազմական ագրեսիա։

Վարուժան Ոսկանյան Լավ է, որ նշեցիք այդ պայմանագրի մասին։ 1994թ. ստորագրված այդ պայմանագրի մաս էր կազմում նաև Ադրբեջանը, որից դուրս եկավ 1999 թվականին։ Այնպես որ, ՀԱՊԿ պայմանագրով Ռուսաստանը պարտավոր է օգնել Հայաստանին, բայց ոչ Ադրբեջանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հույս հայտնեց, որ հակամարտության սրացման դեպքում Ռուսաստանը կհարգի այդ պայմանագրի դրույթները։

Հարց Կարծում եք՝ կա՞ ռիսկ, որ Ռուսաստանը կմիջամտի, եթե հակամարտությունն ավելի սրանա, և կունենանք մի իրավիճակ, ինչպես Սիրիայում, որտեղ հակամարտությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև է։

Վարուժան Ոսկանյան Կարծում եմ՝ դա կախված է իրադարձությունների զարգացումից։ Եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիան, և Թուրքիայի աջակցությունը դառնա էլ ավելի ակնհայտ, ապա Ռուսաստանը կհայտնվի բարդ իրավիճակում, եթե շարունակի հայտարարել իր չեզոքության մասին։ Առավել ևս, եթե հարձակում լինի Հայաստանի Հանրապետության վրա, և Ռուսաստանը չմիջամտի, ապա հարց կառաջանա, թե ինչի համար է ՀԱՊԿ պայմանագիրը, եթե Ռուսաստանի աչքի տակ Հայաստանը մնացել է թուրքական ագրեսիայի դիմաց մեն-մենակ։ Մյուս կողմից, այն հակամարտությունը, որի մի կողմում Ռուսաստանն է, իսկ մյուսում՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, կդառնա ակնհայտ միջազգային հակամարտություն, որի մասին ուղղակի չենք ցանկանում մտածել այսօր։ Ամենալավ ուղին Ադրբեջանին ստիպելն է, ներառյալ՝ տնտեսական պատժամիջոցներով, որ կանգ առնի, հայտարարի հայկական կողմի հետ զինադադարի մասին և վերսկսի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Միջազգային հարթակներում բազմաթիվ կոչեր են եղել այս առնչությամբ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պահանջեց ռազմական գործողությունների դադարեցում, ապա Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Դոմինիկ Ռաաբը և Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով աջակցեցին այս կոչին։ Ինչու ընդգծեցի Կանադան, որովհետև առաջին երկիրն էր, որը պաշտոնապես հայտարարեց, որ կասեցնում է զենքի վաճառքը դեպի Թուրքիա, որովհետև Թուրքիան դրանք օգտագործում է երրորդ երկրի տարածքում։ Զենքերի վաճառքի ոլորտում արգելվում է վերավաճառման նպատակով գնել զենքեր, այսինքն՝ կատարել ծածուկ վերաարտահանում։ Ահա սա այն ապացույցներից մեկն է, որ միջազգային հանրությունը տեղյակ է թուրքական այս պրակտիկայից՝ գնել զենքեր և տրամադրել Ադրբեջանին։ Ֆրանսիան շատ հստակ դիրքորոշում ունի այս առումով, իսկ ԱՄՆ-ն զբաղված է ընտրություններով և Չինաստանի հետ կապված հարցերով, որոնց ավելանում է նաև կորոնավիրուսային համավարակը, և հետևաբար ավելի պասիվ է՝ չնայած մենք կարիք ունենք ԱՄՆ-ի ավելի հստակ դիրքորոշման։

Խոսենք նաև Ռումինիայի մասին․ ո՞րն է Ռումինիայի դիրքորոշումը։ Ես՝ որպես Հայաստան-Ռումինիա խորհրդարանական խմբի ղեկավար, և Վարուժան Փամբուկչյանը, որպես Ռումինիայի Հայոց Միության կողմից ընտրված պատգամավոր, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև Հակոբյանը կոչ արեցինք Ռումինիայի իշխանություններին հստակ դիրքորոշում արտահայտել տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարը կրակի դադարեցման կոչ արեց։

Բանն այն է, որ Ռումինիան հակասական դիրքորոշում է ունեցել Հարավային Կովկասի նկատմամբ։ Ռումինիայի նախագահներ Յոն Իլիեսկուի և Էմիլ Կոնստանտինեսկուի օրոք Ռումինիան ընդհանուր առմամբ չեզոք դիրքորոշում ուներ այդ տարածաշրջանի երկրների նկատմամբ։ Հայաստանի հետ շատ բարեկամական հարաբերություններ են եղել։ Սա իրավասու եմ ասել, քանի որ ինքս եմ ներգրավված եղել այդ հարցերում։

1991 թվականին վերադարձա Երևանից, երբ Հայաստանը վերականգնեց իր անկախությունը սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով։ Նախագահական Կոտրոչեն պալատում հանդիպումներ ունեցա Յոն Իլիեսկուի և Տրայան Կեբելեուի հետ, Կառավարությունում՝ արտաքին գործերի նախարար Ադրիան Նըստասեի և Տեոդոր Մելեշկանուի հետ, որոնց ընթացքում խնդրեցի, որ Ռումինիան դառնա առաջին երկիրը, որը կճանաչի Հայաստանի նոր հանրապետությունը։ Սա մի բարեկամական ժեստ էր, որը համահունչ էր մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը և այն մշտական աջակցությանը, որը նախկինում ցուցաբերել էր Ռումինիան հայ գաղթականներին։ Այդ ընթացքում Տրայան Կեբելեուն ժամանակ խնդրեց, քննարկումներ ունեցավ նաև Անկարայում Ռումինիայի դեսպանի հետ, իսկ  եզրակացությունն այն էր, որ Ռումինիան կարող է անել այդ քայլը, բայց միաժամանակ կճանաչեն նաև Ադրբեջանի անկախությունը։ Այդպես, Ռումինիան ճանաչեց և Հայաստանի, և Ադրբեջանի անկախությունը։ Այնպես որ, Ադրբեջանը պետք է իմանա, որ այդ ժամանակ Ռումինիայի կողմից իր ճանաչման համար պարտական է հայերին։ Եվ ուրեմն, ԽՍՀՄ-ից անկախացած հանրապետություններից հետո Ռումինիան առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Դրանից մի քանի օր անց ՀՀ արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանեց Ռումինիա և Ադրիան Նըստասեի հետ ստորագրեց այդ ճանաչման փաստաթուղթը, որի մասին հայերը երբեք չեն մոռանում։

Յոն Իլիեսկուի և Էմիլ Կոնստանտինեսկուի օրոք բարիդրացիական հարաբերություններ էին, երկկողմ այցեր էին տեղի ունենում, սակայն իրավիճակը փոխվեց, երբ Ռումինիայի նախագահ դարձավ Տրայան Բըսեսկուն, որն ունեցավ հստակ դիրքորոշում՝ աջակցել Ադրբեջանին՝ ի վնաս Հայաստանի։ Մինչև 2008թ., երբ մենք դեռ իշխանության էինք, նա չէր համարձակվում հրապարակայնորեն արտահայտել դա և նույնիսկ 2006 թվականին այցելեց Հայաստան։ Ի դեպ, ես էլ գնացի իր հետ ու թարգմանում էի իր համար, որովհետև Բըսեսկուն իր հետ վերցրել էր ռուսերենի թարգմանչի, ինչը կարող է լավ չդիտվեր Հայաստանում։ Այդպես, ես կատարեցի թարգմանչի պարտականությունները, իսկ Տ. Բըսեսկուն բավականին լավ ընդունելության արժանացավ։ 2008թ. հետո արմատապես փոխվեց ամեն ինչ։ 2009 թվականին Ռումինիան կնքեց ռազմավարական գործընկերության պայմանագիր Ադրբեջանի հետ։ Ոչ թե Վրաստանը, ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որի հետ Ռումինիան ունի ռազմավարական գործընկերություն։ Այսինքն՝ Ռումինիան այս տարածաշրջանում ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Բըսեսկուն վարեց ակնհայտ պրոթուրքական և պրոադրբեջանական քաղաքականություն, մշտապես մերժեց Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։

Կլաուս Յոհանիսի օրոք ամբողջապես վերադարձ չեղավ այն կետին, որտեղ դրանք կային մինչ Բըսեսկուն, սակայն որոշակի բարելավում տեղի ունեցավ։ Ի վերջո, Կ. Յոհանիսը Ռումինիայի առաջին նախագահն էր, որը 2015թ.  Ցեղասպանության հարյուրամյակի օրն իր կարեկցանքը հայտնեց այդ ջարդերի զոհերի համար։ Նա չասաց «ցեղասպանություն» բառը, որպեսզի չնեղացնի թուրքերին, այլ ուղղակի «ջարդեր»։ Ավելին, հատկապես Ռումինիայի հայերի համար նա գեղեցիկ քայլ կատարեց 2017թ., երբ լրանում էր Մըրըշեշտի ճակատամարտի հարյուրամյակը՝ խոսելով նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասին, որոնք նույնպես նահատակվեցին ռումինական հողի համար։ Իր ելույթում Կ. Յոհանիսը ոգեկոչեց նաև ազգությամբ հայ մասնակիցներին։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև Մըրըշեշտում գտնվում է հայազգի 21-ամյա կրտսեր լեյտենանտ Գաբրիել Պրունկուի կիսանդրին։ Նա առաջին սպան էր, որը զոհվեց այդ ճակատամարտում Ռումինիայի պետության համար։

Մի հետաքրքիր բան կուզեմ ասել. որպես հայ՝ հակասական զգացում ունեմ Ռումինիայում։ Մի կողմից՝ հայերն իրավացիորեն շատ հարգված են Ռումինիայում, քանի որ Ռումինիայի նորագույն պատմության մեջ գրեթե չկա մի կարևոր իրադարձություն, որտեղ չգտնենք հայերի․ հայեր, որոնք նահատակվեցին, հայեր, որոնք մեծ դեր ունեցան Ռումինիայի տարածքների միավորման գործում՝ ինչպես գեներալ Հակոբ Զատիկը, որը միացրեց Բուկովինայի շրջանը Ռումինիային, հայեր, որոնք ստեղծեցին ազգային դպրոցներ՝ սկսած Գեորգե Ասակիից, Վասիլե Կոնտայից մինչև Կարապետ Իբրըիլեանու, Յակոբ Յակոբովիչ, որ ստեղծեց Ռումինիայի վիրաբուժության դպրոցը, Անա Ասլան, որ հիմնադրեց ծերաբուժության ինստիտուտը, Դումիտրու Բաղդասարը՝ նյարդավիրաբուժության դպրոցի հիմնադիրը, Երվանդ Սերոբյան՝ Ալերգոլոգիայի կլինիկայի հիմնադիրը և այլն։ Աշխարհում չկա մի երկիր, որտեղ հայ համայնքն ունենա այդքան սահմանադրական և օրենսդրական իրավունքներ ու աջակցություն իշխանությունների կողմից, որքան Ռումինիայում։ Միևնույն ժամանակ, երբ խոսքը Հայոց ցեղասպանության մասին է, որը ճանաչվել է աշխարհի բազմաթիվ խորհրդարանների կողմից, Ռումինիայում քար լռություն է, քանի որ այստեղ դեռևս գործում է թուրքական բարդույթը։ Երբեմն մի զգացում եմ ունենում, որ իշխանությունները չգիտեն, որ մենք ազատվել ենք թուրքական լծից և որ 1877թ. տեղի է ունեցել Անկախության պատերազմ։ Այդ բարդույթն Օսմանյան կայսրության մի քանի դար տևած տիրապետության հետևանք է, իսկ իշխանությունները դեռ չեն ազատվել այդ բարդույթից։ Կարող եմ նշել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի մասին, ում հետ քննարկում եմ ունեցել այս թեմայով, բայց հասկացել եմ, որ հաջողություն չեմ ունենա, որովհետև վերջինս կատեգորիկ կերպով վախենում է Ցեղասպանության հետ կապված ամենափոքր հարցն անգամ բարձրաձայնելուց։ Կարծում եմ՝ Ռումինիան կսպասի հարցի միջազգային հանգուցալուծմանը և կհետևի դրան, ինչպես անում է սովորաբար արտաքին քաղաքականության մեջ։ Ինչու՞ են այսօր հայերն այսչափ բարձրաձայնում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Որովհետև նույնիսկ եթե Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանն օկուպացնեն Ղարաբաղը, նրանք այդտեղ կանգ չեն առնի։ Կարծում եմ՝ նրանք ավելի առաջ կգնան դեպի Հայաստան։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները բարձրաձայնում են իրենց անհանգստության մասին: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սա երկրորդ Սարդարապատն է։ 1918թ. Սարդարապատում հայ ժողովուրդը կանգնեցրեց օսմանյան բանակի առաջխաղացումը, որը ցանկանում էր ոչնչացնել Հայաստանը։

Եվս մեկ փաստ, որը մեզ համար բաց վերք է մնում՝ չնայած անցել է մեկ դար։ 1915թ. տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, և Արևմտյան Հայաստանի մոտ 3 միլիոն հայերից գրեթե ոչ մեկը չմնաց այնտեղ։ Հայեր մնացին միայն Թուրքիայի մի քանի քաղաքներում՝ Ստամբուլ, Զմյուռնիա և այլն։ 1,5 միլիոն հայ զոհվեց, իսկ մոտավորապես ևս 1,5 միլիոն մարդ տեղահանվեց։ Իմ ընտանիքի գրեթե բոլոր անդամները սպանվեցին, բայց պապիկս կարողացավ հրաշքով փրկվել։ Այս մեծ ոճրագործությանը նպաստեցին նաև ադրբեջանցիները։ 1918թ., երբ հիմնվեց Ադրբեջանի Հանրապետությունը, Բաքվում տեղի ունեցան ջարդեր, որոնց զոհ գնացին տարբեր տվյալներով մինչև 30,000 հայեր։ Ցեղասպանության կազմակերպիչների ցանկում էր նաև ադրբեջանցի ղեկավար Մահմուդ Խան Ջիվանշիրը։ Իմիջիայլոց, Ցեղասպանության բոլոր կազմակերպիչները դատապարտվեցին մահվան, սակայն այդ վճիռն իրականացրին «Նեմեսիս» խմբի հայ վրիժառուները, որոնք հայտնաբերեցին Ցեղասպանության պատասխանատուներին տարբեր քաղաքներում ծպտված և սպանեցին նրանց։ Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Ադրբեջանի ներթափանցումը Լեռնային Ղարաբաղ հանգեցնելու է նոր ցեղասպանության, ինչպես տեղի ունեցավ 1915թ.։ Այն ժամանակ Առաջին համաշխարհային պատերազմն էր, միջազգային հանրությունն այլ հարցերով էր զբաղված, սակայն այս անգամ քաղաքակիրթ աշխարհը ոչ մի արդարացում չի ունենա, եթե նման բան տեղի ունենա։

Հարց․ Թուրքիան մի քանի ճակատ է բացել՝ կոնֆլիկտներ Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում Հունաստանի հետ, հիմա էլ Ադրբեջանում։ Մի քիչ շատ չէ՞։

Վարուժան Ոսկանյան Կարծում եմ, որ շատ է։ Էրդողանն ունի ամբողջապես արհամարհական դիրքորոշում ոչ միայն ընդհանուր միջազգային կարծիքի, այլ հատկապես Եվրոպական միության հանդեպ։ Այն բանից հետո, երբ Թուրքիան թակեց ԵՄ-ի դուռը, ընդունեց եվրոպական ոգու հետ անհամատեղելի մի դիրքորոշում։ Այս առումով Թուրքիան չարաշահում է այն ստրատեգիական դիրքը, որը զբաղեցնում է, չարաշահում է այն փաստը, որ ՆԱՏՕ-ի բուֆերային գոտին է իսլամական արմատականների ծավալապաշտության դեմ։ Էրդողանը գործում է այս տիպի արմատականությամբ, որի օրինակներից մեկը Սբ. Սոֆիա տաճարի վերափոխումն էր մզկիթի, սակայն դա բազմաթիվ դրվագներից մեկն է։ Երկու բան եմ ուզում ավելացնել՝ մեկը մյուսից կարևոր. տեսեք, Էրդողանը ժողովրդավարություն չի սերմանում Թուրքիայում, այնտեղ քաղաքացիական հասարակությունը հետապնդվում է։ Իմ գիրքը՝ «Շշուկների մատյանը», թարգմանվեց նաև թուրքերեն, բայց հնարավոր չեղավ հրատարակել, որովհետև խմբագիրն ինձ նամակ ուղարկեց Շվեդիայից՝ նշելով, որ հազիվ կարողացավ մահից փրկվել, իսկ հրատարակչությունը ավերվեց։ Իհարկե, դժվար է մտածել, որ իմ գիրքը կարող է հրատարակվել Թուրքիայում մոտ ժամանակներում։ Նշեմ նաև, որ Ռումինիայում Թուրքիայի դեսպանը երկու անգամ բողոքի նոտա հղեց Ռումինիայի կառավարությանը՝ կապված այն հանգամանքի հետ, որ երկու եվրոպական երկրում գիրքը թարգմանվեց Ռումինիայի մշակութային ինստիտուտի աջակցությամբ, իսկ վերջին անգամ դա եղավ 2013թ, երբ գիրքը ներկայացրի Փարիզի սրահներից մեկում։ Այդ ժամանակ ես էկոնոմիկայի նախարարն էի։ Թուրք դեսպանն ուղիղ կերով պահանջել էր Ռումինիայի վարչապես Պոնտայից, որ ինձ հեռացնի կառավարությունից, եթե գնամ Ֆրանսիա գիրքը ներկայացնելու։ Ես քննարկեցի այդ հարցը Պոնտայի հետ և ասացի, որ ոչ մի դեպքում չեմ հրաժարվի գրքի շնորհանդեսից։ Բնականաբար, Վ Պոնտան հասկացավ, որովհետև նա նույնպես չէր ցանկանում Ռումինիայի ներսում կոնֆլիկտ ունենալ։ Էրդողանը բռնապետ է, բռնապետ է նաև Ալիևը։ Տեսեք, թե Ադրբեջանն ուր հասավ՝ մինչև անգամ համացանցը արգելափակված է, շատ ադրբեջանցիներ պատերազմի ընթացքում մուտք չունեն ֆեյսբուք կամ այլ կայքեր, որպեսզի չիմանան, թե ինչ է կատարվում ճակատում։ Հայաստանը, դրան ի հակառակ, մշտապես հայտարարում է մինչև անգամ իր մարդկային կորուստները։ Մինչ այս պահը, ցավոք սրտի, մի քանի հարյուր հայ զինվորական է զոհվել։ Կիրակի չափազանց զգացմունքային և հուզական մի պահ եղավ Բուխարեստի հայկական եկեղեցում, երբ պատարագից հետո մեր հոգևոր առաջնորդը անուն առ անուն կարդաց մինչ այդ բոլոր զոհվածների անունները։ Ադրբեջանը ոչինչ չի ասում իր կորուստների մասին։

Մյուս կարևոր հարցն այն է, որ շատերը կարող են մտածել՝ ինչպիսի՞ պատերազմ է սա՝ ազգայնակա՞ն, կրոնակա՞ն, թե՞ գաղափարական։ Իհարկե, ամեն ինչից ինչ-որ մի մասնիկ կա, որովհետև կողմերից մեկում քրիստոնյաներ են, բոլոր տեսակի քրիստոնյաներ՝ ընդ որում՝ Հայաստանն առաջին պետությունն է, որը 301թ․ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, իսկ մյուս կողմում կան ամեն տեսակի մուսուլմաններ՝ այդ թվում՝ արմատականներ, վարձկաններ, որոնք գալիս են Սիրիայից, որտեղ անցել են ծանր պատերազմների միջով։ Միևնույն ժամանակ, սա ավելի շուտ ազգայնական պատերազմ է, որտեղ հայ ժողովուրդը բախվել է պանթուրքիստական գաղափարախոսությանը։ Ինչու՞։ Քանի որ շատ իսլամական երկրներ կամ չեզոք դիրք են գրավել, կամ էլ բավականին բարեկամական դիրքորոշում ունեն հայկական կողմի նկատմամբ, ինչպես մի շարք արաբական երկրներ՝ Սիրիան, Լիբանանը, Հորդանանը և այլն, Իրանը, որը քննարկումներ է ունենում Ռուսաստանի հետ և բացի այդ՝ հրապարակավ զգուշացրեց Ադրբեջանին նրա կատարած բռնությունների և այլ քայլերի հետ կապված։ Բնական է, Իրանն էլ լավ դրության մեջ չէ, քանի որ ունի ադրբեջանական մեծ համայնք երկրի հյուսիսում, որն ազգայնական ուղերձներ է հղում հայերի դեմ։ Այսպիսով, սա այն պատերազմը չէ, որ իրար դեմ է հանում իսլամական և քրիստոնեական աշխարհներին, սա Հայաստանի պայքարն է ընդդեմ պանթուրքիզմի, սակայն կրոնական շղարշ գոյություն ունի, առավել ևս, որ այն գոյություն ուներ նաև Ցեղասպանության ժամանակ։ Չմոռանանք, որ 1915-1922թթ. ցեղասպանության ենթարկվեցին ոչ միայն քրիստոնյա հայեր, այլև հույներ, արամեացիներ, ասորիներ։ Մեր կոչն այս առումով նաև քրիստոնեական աշխարհին է, բայց ոչ ի վնաս իսլամական աշխարհի, քանի որ, ինչպես նշեցի, իսլամական երկրների մեծ մասը չեզոք է կամ պրոհայկական դիրքորոշում ունի։

Հարց․ Կարծում եք՝  ԵԱՀԿ Մինսկի խումբը կարո՞ղ էր ավելին անել։ Ոչ անպայման հիմա, այլ՝ վերջին տարիների ընթացքում։

Վարուժան Ոսկանյան  Ընդհանուր առմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ քաշած տարբեր կետեր մերժվել են կամ ադրբեջանական, կամ հայկական կողմից։ Հայաստանի համար Ղարաբաղի զինաթափումը և ամբողջական անցումը Ադրբեջանի տիրապետության տակ անընդունելի է, և դա ոչ միայն այն պատճառով, որ պատմությունը ցույց է տալիս, որ այն պատմական Հայաստանի մաս է կազմել։ Պարզապես պատկերացրեք Արցախի ժողովրդի ճակատագիրը այն բանից հետո, թե ինչ տեղի ունեցավ Սումգայիթում և Բաքվում և, ընդհանրապես, վերջին երեք տասնամյակների ընթացքում։ Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղը նաև խորհրդանշական արժեք ունի։ Պատկերացրեք, որ Հայկական թագավորության տարածքը մ.թ.ա. առաջին դարում Տիգրան Մեծ թագավորի օրոք մի պահ հասավ նույնիսկ շուրջ 1 մլն կմ2։ Պատմական Հայաստանի մոտ 300,000 կմ2 տարածքի մեծ մասը հայ ժողովուրդը հետզհետե կորցրեց, 11-րդ դարում կործանվեց մայրաքաղաք Անին, իսկ վերջին թագավորությունը Կիլիկիան էր, որը դիմացավ մինչև 14-րդ դարը։ Մի քանի հարյուր տարի պետականություն չեղավ, ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, ապա բոլշևիկներն եկան և Ղարաբաղն ու Նախիջևանը հանձնեցին Ադրբեջանին։ Նախիջևանում հայաթափման ծրագիրը, դժբախտաբար, հաջողություն ունեցավ, և այսօր այնտեղ հայեր չեն ապրում, իսկ Ղարաբաղն այսօր խորհրդանշական առումով հայ ժողովրդի առաջին հույսն է՝ ինչ-որ բան հետ բերելու տանջված պատմությունից։ Նաև այդ պատճառով հայերը չեն ընդունի որևէ բանաձև, որով Ղարաբաղը չի լինի հայկական։

Հարց Կարծում եք, որ հնարավո՞ր է լինի խաղաղ լուծում, թե՞ խաղաղ գործընթացը կսառեցվի։

Վարուժան Ոսկանյան  Ես հույս ունեմ, որ միջազգային հանրության կարծիքը վերջապես ավելի կոնկրետ կերպով կարտահայտվի։ Ողջունում եմ Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձևը, որով դատապարտեցին վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից գործված ոճրագործությունները։ Կարծում եմ, որ պետք է լինեն նաև տնտեսական պատժամիջոցներ՝ չնայած, որ դա մի փոքր դժվար է, քանի որ Ադրբեջանն առաջին անհրաժեշտության էներգամատակարար է։ Այնուամենայնիվ, չես կարող փոխարինել նավթը արյամբ, քանի որ այդ դեպքում բարոյականությունը կմեռնի։ Կարծում եմ, որ եթե հայկական կողմի հերոսական պաշտպանությունը շարունակվի, արդեն Ադրբեջանի ներսում կառաջանան խնդիրներ, որովհետև ադրբեջանցիների մի մասը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունները, որոնց ներկայացուցիչներից շատերը հատուկ են տարվում առաջին գիծ և «թնդանոթի միս» դառնում, կարող է ընդվզեն Ալիևի դեմ՝ ցույց տալով, որ դա այն ճանապարհը չէ, որով պետք է գնալ և որ պետք է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ Հայկական կողմը հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք բերելու պարագայում միշտ պատրաստ է շարունակել բանակցությունները: