գլխավոր Քաղաքականություն Մոնրեալի հայերը քաղաքապետից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը (տեսանյութ)

Մոնրեալի հայերը քաղաքապետից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը (տեսանյութ)

Կանադայի Մոնրեալ քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները կրկին հանրահավաք են անցկացնում՝ պահանջելով քաղաքային իշխանություններից և քաղաքագլխից ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին տեղեկացնում է Horizon Weekly-ն:

Ցույցի մասնակիցները «Ճանաչեք Արցախը», «Թուրքիան և Ադրբեջանն ագրեսորներ են» և այլ գրություններով պաստառներ են ցուցադրում:

Նշենք, որ նախօրեին Մոնրեալում ևս զանգվածային բողոքի ցույց է տեղի ունեցել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոնրեալի քաղաքապետը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 195 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 729 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։