գլխավոր Քաղաքականություն Կտրուկ բեկում մտցնել Արցախի իրադարձություններում. ՀՅԴ անդամները հանդիպել են ԼՂՀ նախագահին

Կտրուկ բեկում մտցնել Արցախի իրադարձություններում. ՀՅԴ անդամները հանդիպել են ԼՂՀ նախագահին

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի անդամներն այսօր` հոկտեմբերի 19-ին, հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՅԴ գրասենյակից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի ներքին իրավիճակը, ռազմաճակատում առկա իրադրությունը: Տեղեկացվում է, որ հատուկ անդրադարձ է կատարվել տիրող իրավիճակում կտրուկ բեկում մտցնելու հնարավորություններին:

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին ՀՀ 13 կուսակցություն դիմել է կառավարությունը՝ որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով օժտված ռազմաքաղաքական հարցերի շտաբ ստեղծելու առաջարկով։ ՀՀ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը հանդիպել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել էր ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը:

Հիշեցնենքսեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ: