գլխավոր Քաղաքականություն Գևորգ Դերձյանը պատմել է Արցախում ծանր վիրավորված 13–ամյա Ռոբերտի վիճակի մասին

Գևորգ Դերձյանը պատմել է Արցախում ծանր վիրավորված 13–ամյա Ռոբերտի վիճակի մասին

Ադրբեջանական կողմի հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ դրական դինամիկա կա: Facebօok սոցցանցի իր էջում լուրը հայտնել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Վիճակն արդեն կայուն է: Դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, բայց կշարունակի բուժվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում»,–գրել է նա:

Դերձյանը հիշեցրել է, որ Ռոբերտն ու իր ընտանիքը ստիպված են եղել հեռանալ Մարտակերտից, որը Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել:

Հիշեցնենք` դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 27-ին։ Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ էին ստացել, ամենից շատ տուժել էր Ռոբերտը: Տղան 5 օր կոմայի մեջ էր։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ: