գլխավոր Քաղաքականություն Արցախի Մարտունի քաղաքում ենթակառուցվածքները հակառակորդի հրետակոծությունից շատ չեն տուժել

Արցախի Մարտունի քաղաքում ենթակառուցվածքները հակառակորդի հրետակոծությունից շատ չեն տուժել

Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը` Ադրբեջանի ԶՈՒ-ն հոկտեմբերի 18-ին և հոկտեմբերի 19-ի ցերեկային ժամերին կրկին հրետակոծել է Մարտունիի շրջկենտրոնը: Մանրամասներ ներկայացնելով հակառակորդի հրետակոծության հետևանքների վերաբերյալ` Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 16:00-ի դրությամբ իրավիճակը համեմատաբար խաղաղվել է:

«Երեկ և այսօր հրետակոծվել են քաղաքի որոշ հատվածներ: Բարեբախտաբար զոհեր և ավերվածություններ չունենք: Այս պահի դրությամբ քաղաքում հանգիստ է, չնայած ցերեկային ժամերին նույնպես հրետակոծվել է քաղաքը: Այս անգամ ևս ավերվածություններ և զոհեր չունենք»,- ասաց Վադիմ Դանիելյանը:

Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալի հավաստիացմամբ` ենթակառուցվածքները նորմալ վիճակում են, բացառությամբ գազի, որը քաղաքում մասամբ է գործում` կապված հակառակորդի հրետակոծության հետ:

«Սննդի հետ կապված նույնպես խնդիր չկա, բոլոր համայնքների հետ կապը պահպանում ենք, անհրաժեշտ բոլոր հարցերը կարգավորված է և որևէ խնդիր չկա»,- եզրափակեց Դանիելյանը: