գլխավոր Հասարակություն ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Սյունիքի մարզում է. հանդիպումներ են նախատեսված հուլիսի...

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Սյունիքի մարզում է. հանդիպումներ են նախատեսված հուլիսի 6-ից 8-ը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 6-ին այցելել է Սյունիքի մարզ։ Գորիսում նրան դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, փոխմարզպետ Նարե Ղազարյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցն ու այլ պաշտոնյաներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, վարչապետի տիկնոջ առաջին կանգառը   հայ արձակագիր Ակսել Բակունցի տուն-թանգարանն է եղել: Աննա Հակոբյանին ներկայացվել է թանգարանի պատմությունը։ Այն հիմնադրվել է 1968 թվականին Գորիսի այն տանը, որտեղ ծնվել է 20-րդ դարի խոշորագույն հայ արձակագիրը։ Թանգարանում ցուցանմուշների թիվը հասնում է 500-ի. առկա են նաև հազարավոր գիտաօժանդակ նյութեր: Դրանք ներկայացնում են գրողի ուսումնառության տարիները, զինվորական կյանքը, գրական բեղմնավոր գործունեությունը: Այստեղ է պահվում նաև հարուստ գրադարանը: Գորիսում գտնվող տանը պահպանվել են Բակունցի անկողինը, զգեստապահարանը, մետաքսե վերնաշապիկն ու կենցաղային իրերը:

«Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին ներկայացվել են Բակունցի և նրա մոր կյանքից դրվագներ։

Այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկնոջը հյուրասիրել են տան բակում աճող վարդի թերթիկներից պատրաստված թեյ, որը Բակունցի մայրը հյուրասիրում էր իր տան հյուրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ շրջայցի վերջում Աննա Հակոբյանին նվիրել են Ակսել Բակունցի գրական ժողովածուները։