գլխավոր Աշխարհ Դոնեցկի շրջանի ղեկավարը բնակիչներին հորդորել է լքել իրենց տները

Դոնեցկի շրջանի ղեկավարը բնակիչներին հորդորել է լքել իրենց տները

Սլավյանսկում ռուսական բանակի հրթիռակոծության հետևանքով 2 մարդ է զոհվել, 7-ը՝ վիրավորվել, հայտնել է Դոնեցկի մարզի Ուկրաինայի հսկողության տակ գտնվող հատվածի ղեկավար Պավել Կիրիլենկոն։ Կիրակի օրվանից քաղաքի շուկան և հարակից փողոցները երկրորդ անգամ են հրետակոծության ենթարկվում՝ հայտնում է unian.net-ը։ 

Կիրիլենկոն կոչ է արել շրջանի` ուկրաինական վերահսկողության տակ գտնվող հատվածի բնակիչներին լքել իրենց տները, որպեսզի բանակը կարողանա արդյունավետ պաշտպանվել: Ռուսական բանակն ուժեղացրել է հարձակումը և երեքշաբթի առավոտյան գտնվում էր Սլավյանսկից 10 կմ հեռավորության վրա: 

Կրամատորսկում կայացած ճեպազրույցի ժամանակ, որտեղ գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի տարածաշրջանային շտաբը, Պավել Կիրիլենկոն պարզաբանել է. «Տարածաշրջանում 1.6 միլիոնից այժմ մնացել է շուրջ 350 հազար մարդ, բայց դա էլ մեծ թիվ է այս վտանգավոր պայմաններում»:

 ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ավելի քան 7 մլն ուկրաինացիներ դարձել են ներքին տեղահանված անձինք, գրեթե 5 միլիոնն էլ լքել է երկիրը։