գլխավոր Իրադարձային Ընդդիմադիր պատգամավորը զանգել է զինկոմին ու հարցրել, թե ինչո՞ւ են ընդդիմության ներկայացուցիչներին...

Ընդդիմադիր պատգամավորը զանգել է զինկոմին ու հարցրել, թե ինչո՞ւ են ընդդիմության ներկայացուցիչներին տանում եռամսյա հավաքների. Սուրեն Պապիկյանը կոչ արեց իրավապահներին՝ ուշադիր լինել

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ նիստում  հայտարարել է, թե ընդդիմադիր պատգամավորներից մեկը զանգահարել է գլխավոր զինկոմին ու հարցրել, թե ինչո՞ւ են ընդդիմության ներկայացուցիչներին տանում եռամսյա հավաքների.

«Ընդդիմադիր պատգամավորը, որը երևի շփոթել է, որ ինքն այլևս չի զբաղեցնում գերատեսչության ղեկավարի պաշտոնը կամ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, իրեն իրավունք է վերապահել զանգել զինվորականներից մեկին, մասնավորապես՝ գլխավոր զինկոմին, և ինչ-որ հարցադրումներ  արել, թե  ի՞նչ իրավունքով եք զորակոչում ընդդիմության երիտասարդներին, պատանիների։

Ժողովուրդ, դուք ՀՀ քաղաքացի եք, թե՞ ոնց։ Ճիշտ է ասվում՝ երկիրը Երևանում պաշտպանելը, փրկելը  հեշտ է, երբ դա կատարվում է փափուկ, հանգիստ, բայց, իհարկե, չեք փրկում, դուք ընդամենը անում եք այն, ինչի մասին խոսեցի, փորձում եք մեզ մղել դեպի անորոշություն, մեր երկիրը տանել դեպի անորոշություն։ Գնացե՛ք և մասնակցե՛ք եռամսյա հավաքների, դուք և ձեր համակիրները ՀՀ քաղաքացի են և հավասար են, մենք մեր քաղաքացիներին չենք տարանջատում իրարից»,-ասաց Պապիկյանը՝ դիմելով ընդդիմությանը:

Պապիկյանը կոչ արեց իրավապահներին զբաղվել իրենց հասած այս տեղեկություններով.

«Մյուս անգամ իրավունք չվերապահեք ձեզ, զանգել զինվորականներին, կամ քողարկված կոչեր անել նրանց, որովհետև նման կոչեը ենթադրում են նաև իրավական պատասխանատվություն և կարծում եմ մեր իրավապահները պետք է այդ առումով ուշադիր լինեն, քանի որ իմ ականջին նման քողարկված կոչեր հասել են»,-ասել է Պապիկյանը: