գլխավոր Իրադարձային «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Թագուհի Թովմասյանին պաշտոնից հետ կանչելու մասին

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Թագուհի Թովմասյանին պաշտոնից հետ կանչելու մասին

ԱԺ մարդու իրավունքների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի պաշտոնավարման հարցը շարունակում է խնդրահարույց մնալ և չտեղավորվել քաղաքական սկզբունքայնության շրջանակներում: Այն բանից հետո, երբ ՔՊ-ն ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին հեռացրեց իրենց պաշտոններից, ընդդիմադիր բոլոր պատգամավորները միասնաբար հրաժարվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից, սակայն Թագուհի Թովմասյանը «խախտեց» ընդդիմության այս միասնականությունը և իրեն հռչակեց հանձնաժողովի «անկախ» նախագահ, թեև այսպիսի հասկացություն գոյություն չունի:

Ընդ որում՝ վերջին հանձնաժողովի նախագահ էր դարձել «Հայաստան» խմբակցության քվոտայով, քանի որ «Պատիվ ունեմ»-ը չուներ հանձնաժողով նախագահելու բավարար մանդատ:

Այսպիսով «Փաստինֆո»-ն փորձել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից պարզել՝ արդյո՞ք քննարկել են վերջինիս հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու հարց:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն ասաց, որ նման հարց չեն քննարկել, քանի որ այլ առաջնահերթ հարցեր կան.

«Նման նախաձեռնությամբ հանդես չենք գալու, քանի որ խորհրդարան չենք գնալու, զբաղվածության, այլ օրակարգային առաջնահերթություններ ունենալու պատճառով՝ նման հարց չենք էլ քննարկել»,-ասաց Մանուկյանը:

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ միայն խմբակցության անդամ պատգամավորը կարող է ղեկավարել ԱԺ մշտական հանձնաժողովը։Ստացվում է, որ եթե «Պատիվ ունեմ»-ը հեռացնի Թագուհի Թովմասյանին, նա այլևս չի կարող հանձնաժողով ղեկավարել:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեցինք՝ քննարկել են նման հարց, սակայն նա հրաժարվեց մեկնաբանել. «Թովմասյանի հայտարարությանը ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՔՊ-ն հայտարարել է, որ Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց այս պահին չի քննարկում։ Համենայն դեպս՝ այդպես էր «Փաստինֆո»-ին ասել ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը։ Նկատենք, որ Թ. Թովմասյանի պաշտոնավարումն այս պահին բխում է ՔՊ-ի շահերից։