գլխավոր Իրադարձային Ադրբեջանում նոր ցնցումներ են սպասվում. Թալիշներն սկսում են վերադառնալ ազգային խորհրդանիշերին

Ադրբեջանում նոր ցնցումներ են սպասվում. Թալիշներն սկսում են վերադառնալ ազգային խորհրդանիշերին

Թալիշների շրջանում ազգային խորհրդանիշերի վերակենդանացման և տարածման միտումներ են նկատվում. ինքնության պահպանման համար պայքարը կարծես թե նոր փուլ է թևակոխում:

Գաղտնիք չէ, որ անկախության հռչակումից ի վեր Ադրբեջանական Հանրապետությունը տեղաբնիկ ժողովուրդների ձուլման քաղաքականություն է իրականացնում, որի զոհերից են նաև թալիշները: Թալիշաբնակ տարածքներում վարվում է ծրագրված հակաթալիշական քաղաքականություն, և տարվում աշխարհաքաղաքական պայքար թալիշների և թալիշերենի վերացման ուղղությամբ։ Նման պայմաններում ի՞նչ պետք է անեն թալիշները, որոնք ոչ միայն զրկված են մայրենի լեզվով կրթություն ստանալու, այլ նաև սեփական լեզուն և մշակույթը պահպանելու հնարավորությունից:

Թալիշների շրջանում վերջերս մեծ տարածում է ստացել թալիշական դրոշով, ազգային և կրոնական խորհրդանիշերով տարատեսակ նկարների և հագուստների տարածումը, որով թալիշ ակտիվիստները փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել միջազգային հանրությանը և որոշակիորեն պահպանելով ազգայինը՝ ուշադրություն սևեռել թալիշական հիմնախնդրի վրա:

Այս միտումը հատկապես նկատելի է 44 օրյա պատերազմից հետո, երբ Բաքվի վարչակարգը նոր թափով սկսեց ճնշումներ գործադրել երկրի թալիշ ակտիվիստների և շիա հավատացյալների նկատմամբ: Ասվածի վառ օրինակ էր թալիշ ակտիվիստ Ասլան Ղուրբանովի ձերբակալությունը 2020թ., որը 7 տարվա ազատազրկման դատապարտվեց՝ սեփական տանը թալիշական դրոշ պահելու մեղադրանքով: