գլխավոր Իրադարձային Աշտարակում պայթյունից մահացածը բանկի հավաքարարն էր

Աշտարակում պայթյունից մահացածը բանկի հավաքարարն էր

Այսօր Աշտարակ քաղաքի «Յունիբանկում» տեղի ունեցած պայթյունից մահացել է բանկի հավաքարարը։ Տեղեկությունը News.am–ի հետ զրույցում հայտնել է վիրավորներից մեկը` Արմեն Մինասյանը։Նա հաստատեց, որ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը։

«Զոհը բանկի հավաքարարն էր` Ռուզաննան, որն այրվածքներ էր ստացել, մոտ 60 տարեկան էր։ Բանկի կառավարիչի` Հովհաննեսի վիճակն էր մի քիչ ծանր, մնացածը թեթև էին վիրավորվել»,–ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` իր կինն այդ բանկում է աշխատում։ Կնոջն աշխատանքի էր բերել, երբ պայթյունը եղավ։

«Կինս ներս մտավ, ես էլ արդեն շարժվում էի, երբ պայթյունը տեղի ունեցավ։ Ինձ և կնոջս լուրջ բան չի եղել, վնասվածքներ չունենք, կնոջս մազերն է մի քիչ խանձվել, ես էլ ապակիների կտորներից եմ վնասվել»,–ասաց Մինասյանը։