գլխավոր Միջազգային ԱՄՆ-ն «անկեղծ զրույց» է ծրագրում Չինաստանի հետ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ

ԱՄՆ-ն «անկեղծ զրույց» է ծրագրում Չինաստանի հետ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ինդոնեզիայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ ուկրաինական պատերազմի մասին «անկեղծ քննարկում» կունենա իր չինացի գործընկեր Վան Յիի հետ։ Այս մասին հուլիսի 6-ին հայտնել է Bloomberg-ը։

Նշվում է, որ պետքարտուղարության ղեկավարը չորեքշաբթի կմեկնի Բալի՝ մասնակցելու G20-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Դրանից հետո նա կմեկնի Թաիլանդ։

Գործակալության տվյալներով՝ միջոցառմանը գերիշխելու է ռուսական ռազմական ներխուժման հետևանքների թեման։

«Մենք մի շարք բարձր մակարդակի բանակցություններ ենք վարել մեր չինացի գործընկերների հետ այն մասին, թե ինչ ենք ակնկալում ոչ միայն Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, այլև միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամներից՝ կապված Ռուսաստանի դաժան ներխուժման հետ Ուկրաինա»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Կրիտենբրինկ:

Նա հավելել է, որ G20-ի արտգործնախարարների գագաթնաժողովը ևս մեկ հնարավորություն է՝ «անկեղծ կարծիքներ փոխանակելու և Չինաստանից մեր ակնկալիքներն արտահայտելու Ուկրաինայի վերաբերյալ»։

Պետքարտուղարության ղեկավարի և Չինաստանի ներկայացուցչի բանակցությունները նախատեսված են շաբաթ՝ հուլիսի 9-ին։