գլխավոր Իրադարձային «Հանրապետություն» կուսակցությունը խուսափում է մեկնաբանել Բերձորի շուրջ ստեղծված իրավիճակը

«Հանրապետություն» կուսակցությունը խուսափում է մեկնաբանել Բերձորի շուրջ ստեղծված իրավիճակը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը ձեռնպահ է մնում մեկնաբանել Բերձորի շուրջ ստեղծված իրավիճակը՝ դրանք համարելով ժամանակավրեպ:

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բերձորն ու Աղավնոն պետք է հանձնվի Ադրբեջանի հսկողության տակ, թեեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ դա նախատեսված չէ։ Բերձորի շուրջ ստեղծված իրավիճակի և արցախցիների անվտանգության հետ կապված հարցերով «Փաստինֆո»-ն դիմել էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանին, սակայն վերջինս հարցերին ծանոթանալուց հետո խուսափեց դրանց արձագանքել՝ համարելով, թե դեռ 1,5 տարի կա…

«Ձեր նշած խնդիրները վերաբերում են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որը Հայաստանում որևէ կուսակցություն անվավեր չի անվանել: Նշված խնդիրների արծարծումը նաև համարում ենք ժամանակավրեպ՝ խնդիրը պետք է լուծում ստանա 3 տարում, այդ առումով՝ դեռ մեկուկես տարի կա որոշումների ընդունման ու շինարարության համար, այդ ժամանակ էլ «Հանրապետությունը» իր տեսակետը կհրապարակի»,-ասվում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամի՝ մեզ ուղարկված պատասխանում:

Նշենք, որ Անահիտ Ադամյանից, մասնավորապես, հետաքրքրվել էինք՝ ի՞նչ դիրքորոշում ունի իրենց կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ, որ Ադրբեջանի կողմից կառուցվող նոր ճանապարհից հետո Բերձորը և Աղավնոն հանձնվելու են Ադրբեջանին, ի՞նչ հենքով է այս գործընթացը լինելու, եթե հաշվի առնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ սրա մասին խոսք չկա, նաև հետաքրքրվել էինք՝ թե Ադրբեջանի կողմից կառուցվող նոր երթուղուց հետո ի՞նչպես են պատկերացնում Արցախ-Հայաստան կապը և արցախահայերի անվտանգության ապահովումը: