գլխավոր Իրադարձային Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային

Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային։ Վերջինս Հայաստանում է՝ մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվության բաժնից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, այլք։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել որոշակի դադարից հետո Հայաստանում Միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի անցկացումն ու ընդգծել, որ այն լավ հնարավորություն է մի շարք ուղղություններով խթանելու երկու երկրների միջպետական հարաբերությունները, հատկապես՝ առևտրատնտեսական, առողջապահության և կրթության ոլորտներում։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում միջազգային տրանսպորտային հաղորդակցության նախագծեր իրականացնելու հեռանկարներին։

Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդգծել է, որ Հայաստանը հնդիկ բարեկամների հետ ավելի հավակնոտ օրակարգի է հավակնում՝ պատրաստակամ լինելով ակտիվացնել հայ-հնդկական ողջ համագործակցությունը ինստիտուցիոնալ և փոխադարձ շփումների մակարդակներում։

Համբարձում Մաթևոսյանը, տեղեկացնելով, որ Հայաստանի կառավարությունը ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ մեծ ներդրումներ է իրականացնում, նշել է, որ ակնկալում է նաև այդ խոշոր մրցույթներին հնդկական շինարարական կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությունը։

Հանդիպման ավարտին կողմերը երկու երկրների միջև առկա հարաբերությունները զարգացնելու պատրաստակամություն են հայտնել։