գլխավոր Հասարակություն Առողջական ինչ խնդիրների մասին կարող է պատմել մարդու լեզվի գույնը

Առողջական ինչ խնդիրների մասին կարող է պատմել մարդու լեզվի գույնը

Մարդու լեզուն կարող է բավական շատ բան պատմել նրա առողջական վիճակի մասին՝ հուշելով աղեստամոքսային տրակտի, լեղապարկի, լյարդի, թոքերի, երիկամների ու սրտանոթային համակարգի հիվանդությունների, ինչպես նաև տարատեսակ ինֆեկցիոն բնույթի ախտաբանությունների մասին։ Այս մասին URA.RU-ի հետ զրույցում պատմել է քիթկոկորդականջաբան Սվետլանա Զիմինան։

Մասնագետի խոսքով՝ մարդու առողջական խնդիրների մասին կարող են պատմել լեզվի վրա առաջացած փառի գույնը, հաստությունն ու տեղակայման հատվածը, ինչպես նաև բերանի խոռոչի հոտը։ Օրինակ՝ լեզվի արմատի հատվածում առաջացած սպիտակ, մոխրագույն կամ դեղին փառը հուշում է աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների՝ գաստրիտի, էնտերոկոլիտի, ստամոքսի կամ աղիների խոցի մասին։

Լեզվի դեղնավուն երանգը կապված է լեղապարկի կամ լյարդի հիվանդությունների հետ, մինչդեռ թոքերի ու երիկամների հիվանդությունները կարող են դրսևորվել լեզվի առաջնային մասի կողմնային հատվածներին առաջացած սպիտակ փառով։

Հաստ սպիտակ փառը սովորաբար ի հայտ է գալիս գրիպով կամ սուր վարակիչ վիրուսային այլ հիվանդությունով հիվանդների մոտ ինտոքսիկացիայի դեպքում։ Բացի այդ սպիտակ փառը կարող է վկայել նաև սնկային վարակի մասին։

Լեզվի վրա առաջացած փառից բացի, ոչ պակաս կարևոր է նաև լեզվի գույնը, որը ևս չի կարելի անտեսել։ Լեզվի մանուշակագույն երանգը սովորաբար պայմանավորված է լինում սրտանոթային համակարգի հիվանդություններով, մինչդեռ կապտավուն երանգը հուշում է երիկամների հիվանդությունների մասին։