գլխավոր Աշխարհ Կրեմլը մեկնաբանել է Ուզբեկստանում վերջին դեպքերը

Կրեմլը մեկնաբանել է Ուզբեկստանում վերջին դեպքերը

Ղարակալպակստանում տիրող իրավիճակը Ուզբեկստանի ներքին գործն է: Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ուզբեկստանը մեր դաշնակիցն է, բարեկամ երկիրն է, մեր շատ կարևոր գործընկերը: Այն ամենը, ինչ տեղի է ունենում Ուզբեկստանում, այս երկրի ներքին գործն է»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե Մոսկվան հետևո՞ւմ է իրավիճակին Ղարակալպակստանում։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը կասկած չունի, որ «Ուզբեկստանի ղեկավարության ակտիվ աշխատանքով բոլոր առկա խնդիրները կլուծվեն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևը սահմանադրական փոփոխությունների շրջանակում առաջարկել էր չեղարկել Ղարակալպակստանի ինքնավարության կարգավիճակը, ինչից հետո մոտ երկու միլիոն բնակչություն ունեցող Ղարակալպակստանում զանգվածային բողոքի ակցիաներ և անկարգություններ էին սկսել: Արդյունքում երկրի նախագահը հայտարարել էր արտակարգ դրություն, որը տևելու է մինչև օգոստոսի 2-ը:

Ղարակալպակստանի Ինքնավար Հանրապետությունը գտնվում է Ուզբեկստանի հյուսիս-արևմուտքում և համարվում երկրի ամենամեծ շրջանը՝ զբաղեցնելով նրա տարածքի մոտ 40 տոկոսը։ 1990-ականներին ստորագրվել է համաձայնագիր, որով այն ինքնիշխան հանրապետության կարգավիճակով մուտք է գործել Ուզբեկստանի կազմ՝ հետագայում հանրաքվեի հիման վրա դուրս գալու իրավունքով:

Ուրբաթ մարդկանց խումբը փորձել էր գրավել ինքնավարության մայրաքաղաք Նուկուսում պետական մարմինները. նրանց դժգոհությունն առաջացրել էր նախագահ Միրզիյոևի սահմանադրական բարեփոխումների առաջարկը: Իրավապահները վճռականորեն ճնշել են անօրինական գործողությունները: Հաջորդ օրը Շավքաթ Միրզիյոևը հայտարարել էր, որ որոշել է չփոփոխել սահմանադրությունը Ղարակալպակստանի կարգավիճակի վերաբերյալ։