գլխավոր Հասարակություն «Դիմադրություն» շարժումը Ազգային ժողովից երթով կշարժվի ԵՄ գրասենյակ

«Դիմադրություն» շարժումը Ազգային ժողովից երթով կշարժվի ԵՄ գրասենյակ

«Դիմադրություն» շարժման մասնակիցները ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ակցիայից հետո մասնակիցները շարժվելու են Եվրամիության գրասենյակ: «Հուլիսի 5-ի համար ևս որոշակի գործողություն է մշակված»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա հավաքը ևս պահանջված էր գաղափարակիցների շրջանում:

Արամ Վարդևանյանի խոսքով՝ վերջին օրերին դատական համակարգում տեղի ունեցած փոփոխությունները` մասնավորապես Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում Ջհանգիրյանի թողած ժառանգության վերացում, իսկ  ԵՄ-ն այդտեղ խնդիր չի տեսնում:

«Մենք մինչև հիմա ռազմագերիներ ունենք Ադրբեջանում, ԵՄ-ն չունի՞ այդտեղ անելիքներ: Ես չեմ տեսել, որ ԵՄ-ն ասի Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չէ: Ցանկացած գործողություն, խոսք, որը հնչեցվում է հանրայնորեն, ոչ միայն արձանագրվում է Երևանում, այլև Բրյուսելում»,-ասաց Վարդևանյանը:

Անդրադառնալով խմբակցության  ներսում մանդատներ վայր դնելու հարցին՝ Վարդևանյանն ասաց, որ  մանդատը պետք է ծառայեցվի կորևորագույն օրակարգերին` օրինակ վարչապետի ընտրությանը:

«Մենք խնդիր չունենք մանդատ վայր դնելու, եթե իմանանք, որ դրանով ինչ որ հավելյալ արժեք կստեղծվի»,-ասաց նա:

Նշենք, որ հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը շարժումը երթ է  նախատեսում  ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների։ Հուլիսի 8-ին` ժամը 19:30-ին Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք է լինելու։