գլխավոր Իրադարձային Վարդազարյանի հրապարակած ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վարդազարյանի հրապարակած ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 1-ին մասով և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) 2-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին «Լուրերին» հայտնեցին Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում հրապարակել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրություն: 

Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը։ 

Պարզաբանելով հրապարակածը՝ Վարդազարյանը հայտարարել էր, թե իրեն առաջարկվել է հրաժարական տալ՝ երաշխավորելով, որ քրեական հետապնդում չի լինի, ինքը մինչև մարտի 1-ը ժամանակ էր խնդրել: 

Քննչական կոմիտեում նյութեր էին նախապատրաստվում Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրության վերաբերյալ:

Նշենք՝ ԲԴԽ անդամ, նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են:

Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար:

Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով այսօր հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից: