գլխավոր Քաղաքականություն Ի՞նչ են պայմանավորվել Ռուբինյանն ու Թուրքիայի ներկայացուցիչը. ԱԳՆ–ն մանրամասներ է հայտնում

Ի՞նչ են պայմանավորվել Ռուբինյանն ու Թուրքիայի ներկայացուցիչը. ԱԳՆ–ն մանրամասներ է հայտնում

Պայմանավորվածություններից մեկը վերաբերում է Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումներին։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել Վիեննայում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Ավստրիայի մայրաքաղաքում կայացել է նրանց չորրորդ հանդիպումը։

«Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»,– ասված է հաղորդագրությունում:

Ըստ ԱԳՆ–ի` պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։«Ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների»,– նշում է ԱԳՆ–ն։

Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին` Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14–ին Մոսկվայում, երկրորդն ու երրորդը` փետրվարի 24-ին և մայիսի 3-ին Վիեննայում։