գլխավոր Հասարակություն Գերմանիան թոշակի անցած մասնագետներին կգործուղի Հայաստան. Քերոբյան

Գերմանիան թոշակի անցած մասնագետներին կգործուղի Հայաստան. Քերոբյան

Հայկական կողմի հետ ծրագրերի իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանն ապահովի իր որդեգրած իրավական պայմանները։

Գերմանիան կենսաթոշակի անցած իր մասնագետներին կգործուղի Հայաստան։ Այսօր Երևանում Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Սվենյա Շուլցեի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Գերմանիայի Դաշնությունն իր` արդեն թոշակառու դարձած մասնագետներին որպես խորհրդատու արտերկիր ուղարկելու ծրագիր ունի։ Դա շատ հետաքրքիր ծրագիր է մեզ համար, քանի որ տնտեսության արդիականացման և տնտեսական արտադրողականության բարձրացման մեր ծրագրերից մեկը բարձրակարգ մասնագետներին հայկական ընկերություններում ներգրավելն է»,- ասաց Քերոբյանը։

Նախարարի գնահատմամբ` եթե ծրագիրը հաջողվի իրականացնել, կարող է մեծ խթան լինել հայկական ընկերությունների արտադրողականության բարձրացման համար։Սվենյա Շուլցեն իր հերթին նշեց, որ հայկական կողմի հետ ծրագրերի իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանն ապահովի իր որդեգրած իրավական պայմանները` պայքար կոռուպցիայի դեմ, արդարադատության համակարգի բարեփոխումներ, կայուն ժողովրդավարություն։

Գերմանական GIZ–ն ու KFW բանկը Հայաստանում մշտական գրասենյակներ կբացեն

«Սրանք այն երաշխիքներն են, որոնց դեպքում հնարավոր են գերմանական ներդրումները, և որոնց դեպքում գերմանական կողմը ուրախ կլինի աջակցելու ՀՀ կառավարությանը»,- ասաց Շուլցեն։

Նշենք, որ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։