գլխավոր Իրադարձային Դուք ուրիշ եք, տղե՛րք. Ձախ Հարութն իր ծննդյան օրը նշեց Զինվորի տանը

Դուք ուրիշ եք, տղե՛րք. Ձախ Հարութն իր ծննդյան օրը նշեց Զինվորի տանը

Երգիչը հուլիսի 3-ին կայանալիք իր համերգի տոմսեր նվիրեց Զինվորի տան տղաներին։

Հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութ) իր 71-ամյակը նշել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում, որտեղ բուժում են ստանում Արցախյան պատերազմների ժամանակ վիրավորված զինծառայողները։ Տղաները նրան անակնալով են դիմավորել` երգելով «Արձագանք» խմբի «Ծնունդդ շնորհավոր» երգը։Զինվորի տունը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում, որում երևում է, թե ինչպես է Ձախ Հարութը ողջունում բոլորին ու փչելով հանգցնում տորթի մոմերը։«Իմ կյանքում 70 անգամ շնորհավորել են, բայց ձեր շնորհավորանքն ինձ համար 100 անգամ ավելին արժե, որովհետև դուք կարևոր ու յուրահատուկ եք ինձ և մեր ժողովրդի համար։ Դուք ուրիշ տղերք եք, սա էլ իմ կյանքի ամենալավ ու հիշարժան ծննդյան օրերից մեկն է»,- ասաց երգիչը և բոլոր տղաներին առողջություն ու երկար կյանք մաղթեց։Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ձախ Հարութին տղաների անունից պայթած ռումբից պատրաստված կենաց ծառ նվիրեց։Երգիչը շնորհակալություն հայտնեց և ընդգծեց, որ ազգեր կան, որոնք այլ ժողովուրդների կոտորելով հպարտանում են, սակայն հայն այդ ազգերից չէ։«Այս ռումբը երևի ձեր վրա են գցել, բայց դուք սա վերածել եք արվեստի և ինձ եք նվիրում։ Ինձ շատ բաներ են տվել, անգամ ոսկե ձայնապնակ, սակայն սա է ամենահիշարժանը։ Ես այս նվերը կտանեմ ինձ հետ ու տանս կարևոր անկյուններից մեկում կդնեմ»,- նշեց Փամբուկչյանը և խոնարհվեց տղաների առջև։Նա էլ որոշեց տղաներին նվեր անել ու մի քանի երգ կատարեց` «Երևանի գիշերներում», «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես», «Կարմիր կակաչները», «Մենք չենք լինի էլ 20 տարեկան» և այլ երգեր։Երգիչը նաև հուլիսի 3-ին կայանալիք իր համերգի տոմսեր նվիրեց Զինվորի տան տղաներին։