գլխավոր Իրադարձային «Անջատում հանուն փրկության» սկզբունքը կանխում է հետդարձի հնարավորությունը. Եղիշե Կիրակոսյան

«Անջատում հանուն փրկության» սկզբունքը կանխում է հետդարձի հնարավորությունը. Եղիշե Կիրակոսյան

«Անջատում հանուն փրկության» սկզբունքը ինքնորոշման իրավունքի իրականացման ամենածայրահեղ եղանակն է։ Այսօր հրավիրված ասուլիսում, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած միջազգային իրավունքի այդ սկզբունքը, ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Այս թեզը չի ժխտում այն փաստը, որ Արցախի անջատումն Ադրբեջանից վաղուց արդեն տեղի է ունեցել։ Ընդ որում` անջատումը տեղի է ունեցել ԽՍՀՄ–ից, և փաստը, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, կարևոր արձանագրում է»,– ասաց Կիրակոսյանը։

Նա նաև արձանագրեց, որ Արցախին Ադրբեջանի կողմից սպառնացող վտանգն արդեն անվիճելի փաստ է։ Ադրբեջանն ակնհայտորեն փորձում է գրավել Արցախը։

««Անջատում հանուն փրկության» սկզբունքը կանխում է հետդարձի հնարավորությունն ու արձանագրում, որ հետադարձ ճանապարհ ուղղակի չկա։ Որովհետև չի կարելի պատկերացնել ինքնորոշման իրականացման այլ ձև, քան «Անջատում հանուն փրկության» սկզբունքը։ Եվ այդ իրավունքի փաստումն այս փուլում շատ կարևոր է, որպեսզի շեշտվի այդ հիպոթետիկ միավորման թեզի անընդունելիությունը»,– ասաց Կիրակոսյանը։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը շեշտեց, որ այս սկզբունքն է դրված նաև Կոսովոյի ինքնորոշման իրավունքի հիմքում։ Եվ շատ երկրներ ու միջազգային կառույցներ ընդունել են Կոսովոյի այս իրավունքը։

Կիրակոսյանի խոսքով` «Անջատում հանուն փրկության» սկզբունքն ավելի կոնկրետ ձևակերպում է, մինչդեռ ինքորոշման իրավունքն ավելի ընդհանրական է, այն կարող է դիտվել ինչպես որևէ միավորի կազմում ինքնորոշվելու կամ այլ միավորի հետ միավորվելու իրավունքը։

Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ միջազգային հանրությունից իր ակնկալիքը հստակ է՝ կիրառել «անջատում հանուն փրկության» սկզբունքը։

Նշենք` «անջատում հանուն փրկության» միջազգային տերմինը նշանակում է որևէ ժողովրդի անկախության ճանաչում, որը այլ երկրի կամ նրա նկատմամբ հավակնություններ ունեցող երկրի իշխանության ներքո չի կարող գոյատևել: