գլխավոր Միջազգային 2 ժամ նստած կրկնում էինք նույն արտահայտությունները, հետո գնացինք սուրճի ընդմիջման և…...

2 ժամ նստած կրկնում էինք նույն արտահայտությունները, հետո գնացինք սուրճի ընդմիջման և… . Ֆինլանդիայի ԱԳ նախարարը՝ Թուրքիայի հետ բանակցություններում «բեկումնային պահի» մասին

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության շուրջ տարաձայնությունները լուծելու համար Թուրքիայի հետ բանակցություններում բեկումնային պահը եղել է սուրճի ընդմիջումը: Այս մասին Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն ասել է ո իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ Անկարայի հետ ստորագրված համաձայնագիրը հաջողված է։

«Մենք երկար ժամանակ բանակցել ենք, և տեքստի շատ տարբերակներ կային,- պարզաբանել է նախարարը,- բանակցել ենք Անկարայում, մի քանի հանդիպում ենք ունեցել Բրյուսելում։ Անկեղծ ասած, ես չէի սպասում, որ մենք կկարողանանք լուծել դա (ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում) Մադրիդում, քանի որ շատ բաց հարցեր կային», – հավելել է նա։

«Հավանաբար սուրճի ընդմիջումը շրջադարձային կետն էր,- ասել է Հաավիստոն,- կողմերը երկու ժամ նստել են՝ կրկնելով նույն արտահայտությունները, բայց սուրճի ընդմիջման ժամանակ մենք գտանք ստեղծագործ գաղափարներ և կարողացանք փոխել տեքստը՝ ընդհանուր լուծում գտնելու համար»:

«Սա ավելի շատ քաղաքական հռչակագիր է, քան իրավական համաձայնագիր,- ավելացրեց նա,- մենք մեր օրենսդրությունը փոխելու կարիք չունենք, և ամեն ինչ արվելու է մեր գործող օրենքներին համապատասխան: Առանցքայինը համագործակցության ամրապնդումն է, մենք պատրաստ ենք տեղեկատվություն ստանալ թուրքական իշխանություններից և համագործակցել ահաբեկչության հետ կապված հարցերի շուրջ։ Բայց բոլոր որոշումներն ընդունվում են Ֆինլանդիայի օրենսդրությանը համապատասխան: Ներկայում մենք բաց գործեր չունենք (Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների արտահանձնման վերաբերյալ)։ Երբ լինեն խնդրանքներ, խոստացել ենք արագ քննարկել, բայց դա կանենք Ֆինլանդիայի օրենսդրության համաձայն»:

Հիշեցնենք, որ անցած երեքշաբթի երեկոյան հայտնի է դարձել, որ Թուրքիան հետ է կանչել Շվեդիային և Ֆինլանդիային ՆԱՏՕ հրավիրելու առնչությամբ իր առարկությունները։

Հաջորդիվ կողմերը պետք է համաձայնեցնեն անդամակցության պայմանները։ Շվեդիան և Ֆինլանդիան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, երբ և եթե բոլոր անդամ երկրների խորհրդարանները վավերացնեն այս որոշումը։

Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարների ստորագրած եռակողմ հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ Հելսինկին և Ստոկհոլմը հանձնառու են օգնել Անկարային ահաբեկչության դեմ պայքարում և չեն աջակցելու քրդական խմբերին, որոնց թուրքական կողմը համարում է ահաբեկչական։ Բացի այդ, ՆԱՏՕ-ին ձգտող այս երկու երկրներն էլ կքննարկեն թուրքական կողմի խնդրանքները, որոնք վերաբերում են մի շարք քուրդ ակտիվիստների արտահանձնման։

Կողմերը պայմանավորվել են նաև, որ իրենց միջև զենքի էմբարգո չի լինելու։ Դա բանակցությունների ժամանակ պահանջել է թուրքական կողմը։

Երկրները կստեղծեն հատուկ մեխանիզմ՝ վերահսկելու հուշագրում ամրագրված պայմանավորվածությունների կատարումը։