գլխավոր Ժամանց 180 000 դոլար. Չիլիում ընկերությունն իր աշխատողին սխալմամբ մեկ ամսում 286 անգամ...

180 000 դոլար. Չիլիում ընկերությունն իր աշխատողին սխալմամբ մեկ ամսում 286 անգամ աշխատավարձ է փոխանցել

Չիլիում տղամարդը սխալի հետևանքով մեկ ամսում 286 անգամ աշխատավարձ է ստացել, ինչից հետո աշխատանքից դուրս է եկել ու անհետացել՝ չնայած, որ խոստացել էր վերադարձնել գումարը, գրում է Oddity Central-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը Consorcio Industrial de Alimentos (Cial) ընկերության մասին է, որի մարդկային ռեսուրսների վարչության աշխատակիցներից մեկը նախորդ ամիս աշխատողին 65 398 851 պեսո ($180 000) է փոխանցել 500 000 պեսոյի ($542) փոխարեն: 

Չիլիական Diario Financiero թերթի համաձայն՝ մայիսի 30-ին Cial-ի գրասենյակի օգնականը մոտեցել է փոխտնօրենին՝ հայտնելու իր ամսական վճարման սխալի մասին. հաշիվը ստուգելուց հետո աշխատակիցը նկատել է, որ իրեն միլիոնավոր պեսո են վճարել և ցանկացել է պարզաբանել հարցը։

Ստուգում անելուց հետո Cial-ի ղեկավարությունը հաստատել է, որ տվյալ անձին իրոք սխալմամբ վճարվել է ամսական աշխատավարձի մոտ 286-ապատիկի չափով, և տեղեկացրել է նրան, որ պետք է վերադարձնի ավելցուկային վճարված գումարը: Աշխատողը, իբր, համաձայնել է հաջորդ օրը վաղ գնալ  բանկ և վերադարձնել գումարը գործատուին, միայն թե իրականում նա բոլորովին այլ բան է արել:

Այն բանից հետո, երբ Cial-ի ֆինանսական բաժինը նկատել է, որ բանկը իրենց չի տեղեկացրել վերադարձված վճարման մասին, նրանք նորից փորձել են կապվել աշխատակցի հետ, սակայն  նրանց հաղորդագրությունները մնացել են անպատասխան: Քիչ անց աշխատողը կապ է հաստատել՝ պնդելով, որ քնած է մնացել և շուտով կայցելի բանկ։ Սակայն նա այդպես չի վարվել, և հունիսի 2-ին պարզապես փաստաբանական գրասենյակի միջոցով հրաժարականի դիմում է ներկայացրել։

Հաղորդվում է, որ աշխատողն այժմ անհետացել է՝ ընկերությանը այլ ելք չթողնելով, քան դատական գործողություններ ձեռնարկել այն առնչությամբ, ինչը  համարում է յուրացման հանցագործություն և հուսալ, որ կարող է վերադարձնել պատահաբար վճարված 180 000 դոլարի գոնե մի մասը: