գլխավոր Իրադարձային Հայ դպրոցականները Ղրղզստանում պատմել են Հայաստանի մասին և քոչարի պարել

Հայ դպրոցականները Ղրղզստանում պատմել են Հայաստանի մասին և քոչարի պարել

Ղրղզստանի Իսիկ Կուլ լճի ափին այս օրերին անցկացվող «Համագործակցության երեխաներ» VII միջազգային երիտասարդական համաժողովում Հայաստանի օր էր կազմակերպվել։

Երևանյան «Քվանտ» վարժարանի սաները Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից և Ուզբեկստանից համաժողովին մասնակցող իրենց հասակակիցներին պատմել են Հայաստանի պատմությունը, այդ թվում՝ պարի լեզվով։ Դպրոցականները կատարել են հայտնի քոչարինհրավիրելով իրենց միանալ բոլորին։ «Այս պարը սովորելու համար ցանկություն և համագործակցելու պատրաստակամություն է պետք, քանի որ քոչարին միայն պարի պատմություն չէ, այլև ժողովրդի պատմություն», – ասել է պատվիրակության ղեկավարներից մեկը Արփինե Հարությունյանը։

Նրա խոսքով` համաժողովը բացառիկ հնարավորություն է ընձեռում ինչպես ակտիվ աշխատելու, այնպես էլ լավ հանգստանալու համար։ Նրա կարևորագույն բաղկացուցիչը միջազգային շփման փորձն է։ Հարությունյանը նշել է, որ երեխաները նոր գիտելիքներ են ձեռք բերում, նոր հմտությունների սկսում տիրապետել, ներքին աճ են ունենում։

Այսօր համաժողովի հարթակներից մեկում քննարկվել է նաև սպորտային, մշակութային և կրթական զբոսաշրջության զարգացման թեման։ Երեխաների հետ այդ մասին զրուցել է Բիշքեկի փոխքաղաքապետ Վիկտորյա Մոզգաչյովան։«Համագործակցության երեխաներ» միջազգային մշակութակրթական համաժողովը կանցկացվի մինչև հուլիսի 5-ը։ Կազմակերպիչներն են` ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեան և Ղրղզստանի խորհրդարանը` ԱՊՀ անդամ պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցմամբ։Նախագծի հիմնական նպատակը երեխաներին և երիտասարդներին բարիդրացիության և համագործակցության ոգով դաստիարակելու համար միջազգային հարթակի ստեղծումն է։ Համաժողովին մինչ օրս ընդհանուր առմամբ մասնակցել է ԱՊՀ երկրներից շուրջ 700 աշակերտ։