գլխավոր Քաղաքականություն Մեր նպատակը միանշանակ է՝ հասնել անկախության միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի...

Մեր նպատակը միանշանակ է՝ հասնել անկախության միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով․ Արցախի նախագահը ԱԺ-ում ներկայացրել է 2022թ․-ի ծրագիրը

Հունիսի 30-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ամփոփիչ նիստը։
Նիստին ներկա էին 31 պատգամավորներ։

Նախքան նիստի աշխատանքներին անցնելը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է «Միասնական հայրենիք» խմբակցության կազմում տեղի ունեցած փոփոխության մասին․ խմբակցության ղեկավար է ընտրվել Մարսել Պետրոսյանը։

Օրակարգում այլ հարցերի հետ նախատեսված էր նաև ԱՀ նախագահի 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը:

Արայիկ Հարությունյանը 2021 թվականը որակել է բարդ տարի՝ անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական առումներով: Տարաբնույթ ծրագրերը ուղղված էին մարտահրավերները հաղթահարելուն:

2021 թվականը պատերազմի հետևանքների վերացման ու բնականոն կյանքի վերադարձի տարի էր: Այդ ջանքերում նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը:

Արտաքին քաղաքական վեկտորը նույնն է։«Մեր նպատակը միանշանակ է և դիրքորոշումն անփոփոխ՝ հասնել անկախության միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացման ու ճանաչման միջոցով: Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, սակայն, Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է», – ասել է Արայիկ Հարությունյանը:
Անվտանգության հիմնական ջանքերի ուղղություններն են՝

պաշտպանության սեփական համակարգի շարունակական բարելավում՝ շփման գծի ողջ երկայնքով պաշտպանական նոր ամրությունների ու մեխանիզմների ձևավորում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ պաշտպանության ողջ համակարգում,

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ պատշաճ հաղորդակցության ապահովում,
որոշակի աշխատանքներ նաև քաղաքացիական պաշտպանության համակարգի բարելավման ուղղությամբ։

Նախագահը մեծապես կարևորել է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների ապահովման հարցում ռուսական կողմի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը:Այնուհետև անդրադարձ է եղել սոցիալ-տնտեսական ցուցանիշներին ու տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերին:
Նախագահի ելույթից հետո հարցադրումներով հանդես են եկել պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը,Դավիթ Գալստյանը,Վահրամ Բալայանը, Արամ Գրիգորյանն ու Գեղամ Ստեփանյանը: Հարցադրումներն անվտանգային խնդիրների, 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթների, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի փոփոխության, ենթակառուցվածքների ու զբոսաշրջության զարգացման, տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման վերջնաժամկետի վերաբերյալ էին:

Անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի կառուցմանը՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն ավելի անվտանգ է լինելու քան գործողը: Նախագահը զգացմունքայնությունից վեր կանգնելու կոչ է արել, նամանավանդ երբ խոսքը անվտանգային հարցերին է վերաբերվում:

Պատասխանելով ենթակառուցվածքների մասին հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ կառուցվող խոշոր հիդրոէլեկտրոկայանը լուծելու է էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերը: Իսկ որպես բնակարանային հարցի լուծման վերջնաժամկետ նշվել է 2025 թվականի նոյեմբերը:
Օրակարգի հաջորդ հարցը ԱՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն էր, որը ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը։ 2021թ պետբյուջեի կատարողականը եկամուտների գծով կազմել է 175,548,283 մլն ՀՀ դրամ, ծախսերի գծով՝ 224,158,518 մլն ՀՀ դրամ, պակասուրդը՝ 48, 610,235 մլն ՀՀ դրամ։

ԱՀ հաշվեքննիչ պալատի եզրահանգումը 2021թ․ բյուջեի կատարման վերաբերյալ դրական էր։
Լսելով գլխադասային հանձնաժողովների և խմբակցությունների արտահայտած տեսակետները՝ խորհրդարանը 25 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է 2021թ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։Ընդմիջումից հետո 15 պատգամավորներ 22 հարց են ուղղել Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին։ Բարձրացրած հարցերը վերաբերում էին էներգետիկ և պարենային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը, միջպետական այլընտրանքային ճանապարհին, վարկերի և նյութական վնասների փոխհատուցմանը և այլն։Հաջորդիվ խորհրդարանն անցել է օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը։ Ներկայացված բոլոր նախաձեռնությունները գլխադասային հանձնաժողովների կողմից նախապես արժանացել էին դրական եզրակացության։

Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 28 կողմ ձայնով, «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքների փաթեթը 25 կողմ ձայնով, իսկ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ 30 կողմ ձայնով արժանացել են խորհրդարանի հավանությանը։

27 կողմ ձայնով խորհրդարանն ընդունել է «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերին և «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին խորհրդարանը քվեարկել է 27 կողմ ձայնով։

Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Գագիկ Բաղունցը և Սեյրան Հայրապետյանը։

Վերջում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտի մասին։