գլխավոր Քաղաքականություն «Ես ինքս դեմ եմ Բերձորից դուրս գալու քաղաքականությանը, բայց…». Արայիկ Հարությունյան

«Ես ինքս դեմ եմ Բերձորից դուրս գալու քաղաքականությանը, բայց…». Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեմ է Բերձորից դուրս գալու քաղաքականությանը, սակայն այսօր երկրի ճակատագիրն ավելի կարևոր է, քան էմոցիաները։ Նա այս մասին ասացԱրցախի ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ամփոփիչ նիստում իր ելույթի ժամանակ` անդրադառնալով ՀՀ–ն Արցախին կապող նոր երթուղուն։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ի առցանց ասուլիսի ժամանակ ասել էր, որ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցք կոչվող հատվածում երթուղու փոփոխության վերաբերյալ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել։ Նրա խոսքով` այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմանի մեջ` անցնելու են Ադրբեջանի հսկողությանը։

«Մենք որևէ մեկին չենք ասել` դուրս եկեք Բերձորից, սակայն այնտեղից դուրս գալու մասին գրված է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարարության 6-րդ կետում։ Նոր երթուղու դեպքում խոսքը մեկ բնակավայրի մասին է` Աղավնոյի, քանի որ, անկախ ամեն ինչից, Բերձորը պետք է շրջանցենք։ Ես ինքս կողմ չեմ Բերձորից դուրս գալու քաղաքականությանը. այս տարվա մայիսի 18-ը եղել է իմ կյանքի ամենածանր օրերից մեկը, քանի որ Լաչինի միջանցքնազատագրելուց հետո այնտեղով անցնող առաջին խմբի մեջ 1992-ի մայիսի 18-ին ես էլ եմ եղել»,–ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` Հայաստանն Արցախին կապող երթուղու հարցով մի քանի առաջարկություններ են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից. բոլորը մերժվել են։ Հարությունյանը վստահեցնում է` ներկայիս առաջարկվող երթուղին մի քանի անգամ քննարկվել է Անվտանգության խորհրդում` ընտրել են լավագույն տարբերակը։ Այժմ էլ նոր երթուղու շինարարական աշխատանքները գնում են այն կոորդինատներով, որոնց Արցախի Անվտանգության խորհրդով են հաստատել։Արցախի նախագահը հավաստիացնում է` նոր երթուղին շատ ավելի անվտանգ է լինելու, քան գործողի դեպքում է։

Նա հավալեց` եթե որոշվի, որ չեն ուզում նոր կառուցվող երթուղին կյանքի կոչվի, ապա միասին կարող են նման որոշման գալ, սակայն հետևանքների համարնույնպես պետք է միասին պատասխան տան։