գլխավոր Իրադարձային Գումարտակի կազմում եղել է շուրջ 400 նորակոչիկ, տուն վերադարձել՝ մոտ 150-ը. Նրանք...

Գումարտակի կազմում եղել է շուրջ 400 նորակոչիկ, տուն վերադարձել՝ մոտ 150-ը. Նրանք առաջնագիծ գնալուց առաջ պատրաստություն չեն անցել, ժամանակ չի եղել. Գումարտակի հրամանատար (տեսանյութ). Փաստինֆո

44օրյա պատերազմում միայն մեկ գումարտակի կազմում մասնակցել է շուրջ 400 նորակոչիկ, որից տուն է վերադարձել միայն 150-ը։ Ընդ որում, նորակոչիկներին առաջնագիծ են ուղարկել՝ առանց պատրաստություն անցնելու։ Այս մասին դատարանում հայտնել է վաշտի հրամանատար Վազգեն Վարդանյանը։ Վերջինս որպես վկա այսօր հարցաքննվել է՝ պատերազմի ընթացքում մարտական դիրքն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստում։

Վկան իր ցուցմունքում պատմել է, որ Իշխան Վահանյանի հետ ծառայել է միասին՝ Ջրականի զորամասում՝ նույն գումարտակում, ինքը եղել է վաշտի հրամանատար։ Վերջին անգամ Վահանյան Իշխանին տեսել է Խուռհատ սարի վրա, հարձակման ժամանակ տեսել է Վահանյանին՝ «վայ, վայ» ասելից, ինչից ենթադրել է, որ վերջինս վիրավորում է ստացել։

Նշված վկայի հարցաքննության ընթացքում դատական նիստերի դահլիճում մթնոլորտը լարվեց, տուժողների իրավահաջորդները տեղից հայտարարեցին՝ ինչու է վախենում ճշմարտությունը ասել, դեռևս Արցախում Վարդանյանը հայտարարել էր, որ իրեն հրաման էր տվել Վահանյանը, Առուստամյանը, իսկ այժմ անուններ չի տալիս։ Միջադեպի հետևանքով նիստը մի քանի րոպեով ընդմիջվեց, ապա՝ կրկին շարունակվեց։

Վկան նշեց, որ ինքն իր զորքը հանել է սարի գլխից, իսկ, պատասխանելով մեղադրող դատախազ Գևորգ Ավետիսյանի հարցին, թե նահանջ կազմակերպելու վերաբերյալ վերադաս հրամանատարությանը զեկուցվել էր, թե ոչ՝ վկան նշեց, թե կապի միջոց չեն ունեցել՝ զեկուցելու համար։

«Հակառակորդը հարձակվել է, մտել ենք մարտական գործողությունների մեջ, Վահանյանը երևի արդեն գնացել էր, մի 20 րոպե հետո կարողացել ենք անձնակազմը հանել»,- նշեց վկան՝ հավելելով, որ ամբաստանյալից որևէ հրահանգ չի հիշում։

Պատասխանելով դատախազի հարցին՝ վկան տեղեկացրեց, որ այդ ընթացքում հրաձգային զենքեր են կիրառվել հակառակորդի կողմից, ինչին արձագանքելով դատախազ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր էր հրաձգային զինատեսակի հետևանքով ստանալ բեկորային վնասվածք՝ վկան պատասխանեց՝ ոչ։ Վկան, թեև նշեց, որ ամբաստանյալին վերջին անգամ տեսել է հեռանալիս, սակայն պարզվեց, որ վերջինս փախուստի է դիմել և հեռացել է՝ առանց որևէ մեկի ուղեկցության՝ լինելով վիրավոր, իսկ դատավորի հարցին՝ արյան հետքեր տեսել է, թե ոչ՝ վկան նշեց, որ այդ պահին խառն են եղել։

Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հետաքրքրվեց՝ Իշխան Վահանյանն ինչու էր այնտեղ, չէ՞ որ նա գումարտակի հրամանատարն էր, ինչպե՞ս ստացվեց, որ զորքը եղել է վերևում, վկան և Վահանյանը՝ միասին են եղել, վկան պատասխանեց, որ ինքն իր զորքի հետ է եղել, զորքը մի փոքր առաջ է եղել, կապն ապահովվել օ ռացիայով, սակայն միմյանց հետ կարող էին խոսել, ինչին արձագանքելով նախագահողը նշեց՝ կրակոցների ժամանակ ինչպե՞ս էին կարողանում հաղորդակցվել, վկան էլ պատասխանեց՝ այդ պահին կրակոցներ չեն եղել։

Իսկ թե ինչ գործ ուներ Վահանյանն այդտեղ, որտեղ պետք է լիներ՝ վկան հոդաբաշխ պատասխան չտվեց՝ նշելով, որ չգիտի, թե որտեղ պետք է լիներ, հրամանատարական կետ չկար, բայց հրամանատարական կետը սովորաբար ավելի հետ է լինում։

Պատասխանելով հարցադրումներին՝ վկան նշեց , որ իր վաշտում բոլորը նորակոչիկներ են եղել՝ բացի սերժանտներից, ընդ որում՝ նրանք անհրաժեշտ պատրաստություն անցնել չեն հասցրել. «Շատ քիչ ժամանակ է եղել, զինծառայող է եղել, որ ընդամենը 20 օրվա ծառայող էր։ Ըստ վկայի՝ այդ մասին բոլորն էլ տեղյակ են եղել։