գլխավոր Քաղաքականություն Անընդունելի է, որ փորձաքննությունները տևում են 1-3 տարի, այդպես մենք չենք կարող...

Անընդունելի է, որ փորձաքննությունները տևում են 1-3 տարի, այդպես մենք չենք կարող ՀՀ–ում արդարության աստիճանը բարձրացնել. Խաչատուր Սուքիասյանը՝ գլխավոր դատախազի թեկնածուին

Ինչպիսի՞ պատկերացում ունեք համակարգի կառուցվածքի մասին, որպեսզի ՀՀ իրավական համակարգը մաքսիմում արդարություն ապահովի Հայաստանի հանրապետության իրավական համակարգը: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Մեկ դիտարկում էլ հնչեց, դուք նշեցիք, որ փորձաքննությունները տևում են 1–3 տարի, բայց դա անընդունելի է և մենք չենք կարող արդարության աստիճանը բարձրացնել Հայաստանում, հաշվի առնելով այս ամենը ցանկանում եմ լսել ձեր տեսլականը»,- ասաց պատգամավորը: 

Աննա Վարդապետյանը նշեց, որ ՀՀ ամբողջ իրավական համակարգի մասին չի հասցնում սահմանված ժամանակում խոսել, բայց պատգամավորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախաքննության տերը դատախազն է․«Ինձնից քննիչները նեղանում են, բայց իմ մոտեցումն այն է, որ ամբողջ միջդատական վարույթի պատասխանատվությունը դատախազինն է։ Կառուցվածքի տեսանկյունից, ես կարծում եմ, որ կառուցվածքի եղած իրավիճակը բավարար է արդյունավետ գործելու համար: Այստեղ ես պատկերացնում եմ ավելի շատ առօրեական վերահսկողական  մեխանիզմների խորացումը, ուղղահայաց մեխանիզմը պետք է մնա, նորից ամբողջ համակարգը տանել փոփոխության և ցնցումների, ես արդյունավետ չեմ համարում»,- ասաց նա:

Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ նաև «սևազգեստ մայրեր»-ի գործին, և հարց բարձրացրեց, թե եթե բոլոր նախկին քննական գործընթացները լինեին տեսաձայնագրված, մենք այսօր որքան հեշտությամբ կկարողանայինք հետ գնալ և պարզել որտեղ է սխալը եղել: «Գուցե մեր բոլոր քննությունները տեսախցիկի տակ լինեն, որպեսզի ապագայում օգնեն արդարադատության աստիճանը բարձրացնելու հարցում, գուցե այլ գործիքներ կիրառենք, արդիականացնենք մեխանիզմները»,- հարցրեց պատգամավորը:

Աննա Վարդապետյանը համաձայնեց քննչական գործողությունների կատարման արդիականացման անհրաժեշտության հետ: «Եթե մենք խոսում ենք քննչական գործողությունների  տեսագրման մասին, ես համաձայն եմ, մենք այսօր շատ հենվում ենք թղթի վրա, պետք է ավելի շատ հենվենք էլեկտրոնային ապացույցների վրա։ Փորձում եմ հիմա էլ այդ արդիականացման մեխանիզմները ներդնել քրեադատավարական ինստիտուտի մեջ»,-ասաց նա։